Գլխավոր / Армения / Նախագահը խելացի մարդ է, բայց շրջապատը… ԱԼՄ-ն փակողների մասին

Նախագահը խելացի մարդ է, բայց շրջապատը… ԱԼՄ-ն փակողների մասին

Նվիրելով երեկվա «ԱԼՄ»-ի երեկոյան եթերը հեռուստաընկերությանը հաճախականությունից զրկելու փաստին` հեռուստաալիքի սեփականատեր Տիգրան Կարապետյանը անընդհատ նշում էր, որ իրենց հաղթող «Երևան TV»-ն զիջում է ԱԼՄ-ին բոլոր կետերով:

Ըստ Կարապետյանի, իրենց անձնակազմն ավելի մեծ է և հմուտ, տեխնիկական հագեցվածությունը ավելի հզոր, սեփական ծրագրերի քանակը ավելի շատ:

«Վերջապես մենք միակ հեռուստաընկերությունն ենք, որ ունի ռուսերեն լեզվով հաղորդումներ: Դրանք ունեին իրենց մեծ լսարանը», — նշեց Կարապետյանը:

«ԱԼՄ-ն փակելու որոշումը, սեփականատիրոջ խոսքերով, քաղաքական է և ընդունվել է երկրի ղեկավարության կողմից: Միևնույն ժամանակ, եթերից դիմելով իշխանություններին Կարապետյանը հայտարարել է.

«Ինչ վատություն եմ արել ձեզ: Ասում են` «չեմ ների, չեմ ների»: Մեկին ժերտվա տալով, մյուսին ժերտվա տալով` ո՞ւր կհասնեք: Չէ որ կարող է լինել հակառակը»:

Հաղորդավարի հարցին, թե ինչպես է նա կարողանում այս իրավիճակում չկոտրվել, Կարապետյանը պատասխանեց. «Որովհետև ես տղա եմ: Ես հո եթերում չեմ ծնվել: Այնքան բան եմ տեսել: Եթերից զրկվելը` ի՞նչ մեծ բան է որ: Իրենք էլ են տղա, բայց մի քիչ ուրիշ ձևի տղա են»:

Իրեն փակողները, Կարապետյանի կարծիքով, տնտեսության օրինակով ցանկանում են քաղաքականությունը և ամեն ոլորտ մենաշնորհել:

«Մեր իշխանավորը խելացի մարդ է` շախմատիստ է, բայց իր շրջապատը ուզում է ամեն ինչին տիրանալ: Եթե նա ուզում է, որ իրեն քծնեն… Չեմ բացառում, որ այն մարդը, որը տասը հեռուստաալիք ունի, դրանցից մեկն իբր ընդդիմադիր սարքի, որը կանի այն, ինչ պետք է: Այնպես, ինչպես «Ազատամտություն» թերթն էր անում: Հիշում եք, այդպիսի թերթ կար…», — հայտարարեց ԱԼՄ-ի ղեկավարը:
 
Անդրադառնալով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին` Կարապետյանը ասաց. «Այս անգամ բռնվելու տեղ չունես, պարոն Ամալյան»: Նա նշեց, որ նեղացած չէ վերջինից, քանի որ «նա անում է այն, ինչ վերևից են հրամայում»:

«Ինքը այդ բալետը լավ է պարում, իսկ ես չեմ կարողանում պարել: Իրեն ասողները շատ են», — ասել է Կարապետյանը:

Հաղորդման վերջում նա բոլոր հեռուստադիտողներին դեկտեմբերի 31-ին հրավիրեց «ԱԼՄ»` Ամանորը տոնելու: «Շատ տեղ չունենք, բայց մարդա 50 գրամ օղի, տնական օղի, չնայած նրանից էլ ունենք, գինի էլ ունենք… եկեք ԱԼՄ-ի վերջին եթեր», — եզրափակեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը: