Home / Армения / «Առավոտ». ՀՌԱՀ-ի պնակալեզներ` թարմացված կազմով

«Առավոտ». ՀՌԱՀ-ի պնակալեզներ` թարմացված կազմով

Երբ անցած տարվա աշնանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը (ղեկավարվելով, բնականաբար, լավագույն մտադրություններով) ինձ առաջարկեց դառնալ այն մարմնի անդամը, որը պետք է խորհրդարանի կողմից ընտրեր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նոր անդամներին, ես հրաժարվեցի, իր խմբագրականում գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Որովհետև չէի ուզում անուղղակիորեն մասնակցել հերթական պնակալեզներին` տվյալ դեպքում Հայկ Քոթանյանին, Կորյուն Առաքելյանին, Արմեն Մկրտչյանին և Արամ Մելքոնյանին ՀՌԱՀ ճամփելուն: Միևնույնն է, ՀՌԱՀ անդամներին ընտրում է ի վերջո մեծամասնությունը, իսկ նա հոգ կտանի, որ հանձանաժողովի անդամ դառնան իշխանություններին հավատարմորեն ծառայող մարդիկ: Այս հանձնաժողովը «օրենքի բարեփոխում» կոչվող իմիտացիայի լավագույն լուսաբանումն է: Իբր` եթե կեսն ընտրվել է ԱԺ-ի կողմից, իսկ մյուս կեսին նշանակում է ՀՀ նախագահը, ապա այդ մարմինը ավելի «ժողովրդավարական» է և «բազմակարծիք»: Բայց մենք երեկ տեսանք, որ վերը թվարկած մարդիկ ճիշտ «նույն սորտի» են, ինչ Գրիգոր Ամալյանը, Ժիրայր Դադասյանը և Սիմավոն Անդրեասյանը (որոշ բացառություն, այնուամենայնիվ, կանեի Արա Թադևոսյանի համար), և բոլորը քվեարկում են միաձայն` ստալինյան կթվորուհիների նման:

Հասկանալի է, որ Գրիգոր Ամալյանը հերթական անգամ առաջադրանք էր ստացել «Ա1+»-ը եթեր չթողնել` մնացածը թողնվում է նրա «ստեղծագործական երևակայությանը»: Պարզ է, որ պարոն Ամալյանը ամեն անգամ պետք է ինչ-որ մի բան «բստրի». Այս անգամ նրա «բստրածը» ինձ այդքան էլ հաջող չթվաց, բայց դա իր խնդիրն է, ինչպես նաև նրանց, ում նա զրպարտել է: Ինձ հետաքրքրում է մեկ այլ հանգամանք: Ենթադրենք, ՀՌԱՀ անդամները անվերապահորեն հավատացել են Ամալյանի հերյուրանքներին և համոզվել են, որ «Ա1+»-ը ոչ մի ներդրում չի կարող անել (չնայած դա սուտ է): Բայց նրանք կարծես թե գրաճանաչ մարդիկ են, իբր` ռեժիսոր են, բանասեր, իրավաբան և այլն: Այդ մարդիկ իրենց նեղություն տվե՞լ են` ծանոթանալու, թե որ չափորոշիչներով է անցակացվում մրցույթը: Եթե այո, ապա նրանք կտեսնեին, որ փողը 6 չափորոշիչներից մեկն է, իսկ մնացածը տարածքն է, աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը, տեխնիկան և այլն: Այդ չափորոշիչներով նո՞ւյնպես «Ա1+»-ը «զրո»-ի է արժանի: Բնականաբար, այդ բոլոր «նրբությունները» իշխանության կամակատարներին չեն հետաքրքում. Նրանք ոչ մի մրցույթային փաթեթ էլ չեն կարդում, ընդհանրապես որևէ գործ չեն անում և հարկատուների հաշվին աշխատավարձ են ստանում (ի դեպ, ոչ փոքր) միայն մեկ ֆիզիկական գործողության համար` «բարձրացնել» այն թվերը, որոնք իրենց հրահանգել են: Բացառված չէ, որ նման ծառայության դիմաց նրանք օգտվում են նաև այլ բարիքներից:

Այժմ Հայաստանում ոչ Ստալինի ժամանակներն են, ոչ էլ`Հիտլերի, և տարրական պարկեշտություն դրսևորելու համար հերոս լինել պետք չէ: Այսինքն` ռեժիմը փոխվելուց հետո (իսկ դա վաղ թե ուշ տեղի կունենա` ոչինչ հավերժ չէ) ոչ ոք չի ունենա այն արդարացումը, թե «ես մեղավոր չեմ, ինձ ստիպել են»: