Home / Армения / ԱԺ պատգամավորը հույս ունի, որ Երևանի նոր քաղաքապետը չի անդամագրվի ՀՀԿ-ին

ԱԺ պատգամավորը հույս ունի, որ Երևանի նոր քաղաքապետը չի անդամագրվի ՀՀԿ-ին

Կարեն Կարապետյանը գալիս է մի այնպիսի համակարգից, որտեղ գործում են համակարգված, կանոնակարգված հարաբերություններ և ոչ թե ծանոթ-բարեկամային: Այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանիի նիստին հայտարարված ընդմիջման ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ այսպես  է բնութագրել Երևանի քաղաքապետի պաշտոնի միակ թեկնածու Կարեն Կարապետյանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Նա նշել է, որ այս հատկանիշը հնարավորություն է տալիս հույս ունենալու, որ Կարապետյանը փոփոխություններ կբերի քաղաքապետ-բնակչություն հարաբերություններում:

«Հույս ունեմ` վերջապես վերջ կդրվի բացասական սոցիալական հարաբերություններին, որոնք կային նախկինում: Հուսով եմ, որ նա կկարողանա ավելի թափանցիկ դարձնել քաղաքապետի աշխատանքը»,- ասել է Ալավերդյանը:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է` ընտրություններից հետո Կարեն Կարապետյանն անդամագրվի ՀՀԿ-ին, ԱԺ պատգամավորն ասել է. «Ես կողջունեի, եթե կուսակցությունը չդիմի Կարեն Կարապետյանին կուսակցականացնելու քայլին»:

Ալավերդյանը կարծիք է հայտնել, որ ոչ կուսակցական լինելը մեծապես կօգնի Կարեն Կարապետյանի գործունեությանը նոր պաշտոնում:

Լրագրողի խնդրանքին գնահատական տալ Կարեն Կարապետյանի թեկնածությանը` ԱԺ պատգամավորը նշել է. «Ես որպես քաղաքապետ չեմ կարող որևէ գնահատական տալ և, առհասարական, ես Թովմաս Անհավատներից եմ, մինչև չտեսնեմ, չեմ հավատա»: