Home / Армения / Սխալ «պտիչկան» չխանգարեց Կարապետյանին ընտրվել Երևանի քաղաքապետի պաշտոնում

Սխալ «պտիչկան» չխանգարեց Կարապետյանին ընտրվել Երևանի քաղաքապետի պաշտոնում

Րոպեներ առաջ Երևանի ավագանու նիստում հայտարարվեց, որ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ է ընտրվել «Հայռուսգազարդ» ընկերության տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Կարեն Կարապետյանը:

Համաձայն հաշվիչ հանձնաժողովի տվյալների` Կարապետյանի թեկնածությանը կողմ է 50  մարդ, իսկ դեմ` մեկ մարդ: Այդ քվեաթերթիկի հետ ուշագրավ պատմություն է տեղի ունեցել: Համաձայն քվեարկության կանոնների` դեմ քվեարկելու դեպքում պետք է խաչ դնել կողմ վանդակի վրա, մինչդեռ միակ բացասական քվեի դեպքում, ոչ թե խաչ էր դրվել, այլ, այսպես կոչված, «պտիչկա»:  Երևանի ավագանու ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի կարծիքով` այդ քվեաթերթիկը պետք է անվավեր ճանաչվեր:

«Եթե այդ մարդը դեմ քվեարկած լիներ, պետք է կողմ վանդակի մեջ խաչ դներ, բայց տվյալ մարդը «պտիչկա է» դրել: Ըստ այդմ, իմ կարծիքով, այդ քվեաթերթիկը պետք է անվավեր ճանաչել»,- ասել է Նահապետյանը:

Այնուամենայնիվ, դա չի խանգարել Կարեն Կարապետյանին ընտրվել Երևանի քաղաքապետի պաշտոնում:

Հիշեցնենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, նոր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո օրենքով սահմանված կարգով երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ: