Home / Армения / «Հայկական ժամանակ». ԱԺ նախագահը բացառում է, ՀՀ վարչապետը չի մեկնաբանում ԱԺ-ն ցրելու հնարավորությունը

«Հայկական ժամանակ». ԱԺ նախագահը բացառում է, ՀՀ վարչապետը չի մեկնաբանում ԱԺ-ն ցրելու հնարավորությունը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան` չի բացառել, որ կարող է ՀՀ ԱԺ արձակելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել Սերժ Սարգսյանին:

Մեր թղթակիցը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանից հետաքրքրվել է, թե արդյոք Տիգրան Սարգսյանը բացառում է, որ ԱԺ-ն արձակելու առաջարկով կդիմի Սերժ Սարգսյանին, քանի որ համապատասխան իրավական հիմքն առկա է (ԱԺ-ն աշնանային նստաշրջանի երեք ամիսների ընթացքում վերջնական որոշում չի կայացրել ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի համարված մի շարք օրինագծերի վերաբերյալ): Անանյանը մեր թղթակցին փոխանցել է Տիգրան Սարգսյանի պատասխանը. «Առանց մեկնաբանության»: Հարցին, թե ինչն է պատճառը, որ վարչապետը ուղղակի չի հայտարարում, որ ԱԺ-ն արձակելու առաջարկով Սերժ Սարգսյանին չի դիմելու, և արդյո՞ք դա չի նշանակում, որ նա ԱԺ-ն ցրելու տարբերակը չի բացառում, Անանյանը կրկնել է մինչ այդ տված պատասխանը. «Առանց մեկնաբանության»: Ըստ ՀՀ Սահմանադրության` համապատասխան հիմքերի դեպքում ԱԺ-ն ցրելու առաջարկով հանրապետության նախագահին կարող են դիմել ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը: Ի տարբերություն վարչապետի` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեր թղթակցի հարցին ի պատասխան կտրականապես բացառել է խորհրդարանը ցրելու առաջարկով Սերժ Սարգսյանին դիմելու տարբերակը: Մեր թղթակցի` Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանին ուղարկված հարցմանը` ԱԺ-ն ցրելու հնարավորության վերաբերյալ, երեկ այդպես էլ պատասխան չի տրվել: