Home / Հայաստան / Խոդորկովսկին սեր է ցանկացել Պուտինին

Խոդորկովսկին սեր է ցանկացել Պուտինին

ЮКОС նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին “Независимая газета-ին տրված հարցազրույցում մեկնաբանել է դեկտեմբերի 16-ին կայացած վարչապետ Վլադիմիր Պուտինի «ուղիղ կապը» Ռուսաստանի քաղաքացիների հետ: Խոդորկովսկին հայտարարել է, որ եթերի հեռարձակման ընթացքում ինքը միայն կարեկցանք էր զգում «անծայրածիր ու անգութ երկրի առջև կանգնած այդ` արդեն ոչ երիտասարդ, դեռ կենսունակ ու այդքան միայնակ մարդու նկատմամբ»: 

ЮКОС-ի նախկին ղեկավարի կարծիքով` վարչապետը փաստացիորեն խույս տվեց Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում ազգային հողի վրա բռնկված  անկարգությունների հետ կապված հարցին ուղիղ պատասխան տալուց. «Նա, սովորության համաձայն, պատասխանին միացրեց նաև իր «երկաթե հայացքը»»:

Խոդորկովսկու կարծիքով` վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ ներկայիս դեռահասները «իրենց կյանքի համար հեռանկարներ չեն տեսնում»:

«Հենց սա է վերջին տասնամյակի ամենաողբերգական ամփոփումը», – գրում է քաղբանտարկյալը:

Իսկ ընդհանուր առմամբ Խոդորկովսկին գտնում է, որ ռուսական իշխանությունները, ինչպես նաև դեռահասները «մարդկանց հանդեպ իսկական սիրո պակաս ունեն»:

«Շուտով մոտենում են ամանորյա տոնակատարությունները և ես անկեղծորեն ցանկանում եմ Պուտինին բարիք, համբերություն, և որ իրենից ոչ թե վախենան, այլ սիրեն, թեկուզ ոչ բոլորը, բայց դա լինի անշահախնդիր ու անկեղծ սեր», – իր հոդվածում նշում է Խոդորկովսկին: