Գլխավոր / Հայաստան / Նախագահականի մոտ լոկալ ակցիաներից առաջարկում էին անցնել գլոբալ պահանջների

Նախագահականի մոտ լոկալ ակցիաներից առաջարկում էին անցնել գլոբալ պահանջների

Նախագահական նստավայրի առջև հավաքված բազմությունն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում էր վետո դնել ԱԺ-ի` «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների նախագծին: Ակցիային մասնակցում էին ինչպես քաղաքական գործիչներ, այնպես էլ անհատ քաղաքացիներ, որոնք իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ընդդեմ օտարալեզու դպրոցների վերաբացմանը:

«Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցությունը դիմել էր ՀՀ նախագահին, որպեսզի վետո դրվի «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վրա և «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների վրա, որոնցով նախատեսվում է հանրապետությունում տասնմեկ օտարալեզու դպրոցների բացումը:

«Մենք հիմնավորումներ ենք ներկայացրել, որ դա անթույլատրելի է, և ակնկալում ենք, որ Հանրապետության նախագահն առարկություններով այն հետ կվերադարձնի Ազգային ժողով և չի վավերացնի: Եվ այսօր հասարակական տարբեր խմբեր նույն պահանջով եկել են նախագահական նստավայր: Իհարկե, ցածր հավանականությամբ, բայց ունենք ակնկալիքներ: Հանրապետության նախագահը միանգամայն կարող է կանխել այս օրինագծի` գործողության մեջ մտնելը», — Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ամեն դեպքում կստորագրի օրինագիծը:

«Բայց էս ձևական կողմը պահպանելը, ոնց որ, ճիշտ ա: Հա, թող ինքն էլի ստորագրի, էլի մերժի էս պահանջը, բայց, ամեն դեպքում, ինքն էլ ևս մեկ անգամ հաստատի, որ էս հարցի մեջ կա: Հետո հանկարծ չասի, չպահանջեցիք, ես էլ՝ դե, չգիտեի, գայիք, ասեիք, ես էլ չէի ստորագրի: Չնայած ինձ համար հոգեբանորեն մի քիչ դժվար ա, ես աշխատում եմ մեջքով կանգնել»,- կեսկատակ ասել է հրապարակախոսը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանն էլ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ հնարավոր է իրենք նախագահականի առջև անցկացնեն Ամանորը, բայց այդ հարցը դեռ պետք է քննարկեն:

«Ճիշտ է՝ ամենահաճելի տեղը չէր լինի Նոր տարին նշելու համար, բայց դա էլ տարբերակ է»,- ասել է Հովհաննիսյանը:

Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է ՀԱԿ-ի հետ միասին նշեն Նոր տարին` նրանք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով, իսկ այս նախաձեռնությունն էլ` օտարալեզու դպրոցների դեմ բողոքով, Հովհաննիսյանը պատասխանել է.
«Քննարկելու խնդիր է, նորմալ հարաբերություններ ունենք ՀԱԿ-ի հետ, կարող ենք կապվել և քննարկել»:

Epress.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ «ոչ ոք չի ասում, որ էստեղ եկողները միամիտներ են, ու նման ձևով հնարավոր է կանխել ստորագրումը»:

«Պարզապես մեր պարտքն է քաղաքացիական կեցվածք դրսևորելու, հայրենիքի համար կանգնելու կեցվածք: Սերժ Սարգսյաններն այսօր կան, վաղը չկան, իսկ հիմնարար խնդիրները, համոզված եմ, մեզ` հայերիս, հաջողվելու է լուծել ի նպաստ մեզ»,- ասել է Սեֆիլյանը:

Նա նշել է նաև, որ «ինչ-որ չափով այս օկուպացիոն ռեժիմը օգնում է».

«Այն իմաստով, որ այսօր մարդիկ այս կամ այն խնդրի շուրջ միավորվում են: Ես կարծում եմ, որ այսպիսի նախաձեռնությունների համադրումով մեզ հաջողվելու է մեր երկրի մեջ մեր պետությունը ստեղծել»,- նշել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնողը:

Արվեստագետ Արթուր Պետրոսյանը մեզ հետ զրույցում անիմաստ է համարել նման լոկալ պահանջները:

«Ես միշտ ասել եմ, որ մինչև իշխանափոպություն չլինի, ոչինչ չի փոխվի: Պետք ա պահանջել միանգամից ընդհանուր իշխանափոխություն, պետք է գլոբալ մոտենալ հարցերին, լոկալ հարցերի փոփոխություն պահանջելը անիմաստ է»,- ասել է Արթուր Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ նման նախաձեռնություններն ընդամենը աշխուժության տարր են.

«Ճիշտն ասած, լոզունգներն էլ մի տեսակ ազգայնական բան են իրենց մեջ պարունակում՝ մենակ «Հայաստան, Հայաստան»: Ազատություն բառը ես լիդերներից չլսեցի:  Էսօրվա գլխավոր պահանջը իշխանության հրաժարականն ա, բայց եթե մենք պահանջում ենք հրաժարական, ինչի ենք հիմա եկել, խնդրում ինչ-որ մի բան անել: Ուղղությունը պետք ա դեպի իշխանափոխությունը լինի»,- նշել է մեր զրուցակիցը: