Գլխավոր / Հայաստան / Համակարգի թերությունները Սերժ Սարգսյանը փորձում է լուծել ԶԼՄ-ների աջակցությամբ

Համակարգի թերությունները Սերժ Սարգսյանը փորձում է լուծել ԶԼՄ-ների աջակցությամբ

Ընդհանուր առմամբ, անցնող տարին բավականին արդյունավետ էր ԶԼՄ-ների աշխատանքի տեսանկյունից: Այսպես է բնութագրել լրագրողների աշխատանքը 2010 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Իր խոսքում նա համոզմունք է հայտնել, որ տարին առանձնացել է հիմնականում առողջ քաղաքական բանավեճով, և շատ հաճախ այդ բանավեճի ակտիվ մասնակիցները նաև մեր լրատվամիջոցներն են եղել:
«Շատ լրատվամիջոցներ կարողացան պատվով կատարել իրենց առաքելությունը և չդառնալ գործիք ինչ-ինչ հարցերի լուծման համար:
Մաղթում եմ, որ գալիք տարում էլ մեր երկրի լրագրողներից մեծ համարձակություն չպահանջվի որևէ հասարակայնորեն կարևոր ասելիք բարձրաձայնելու համար: Դա ես դիտում եմ, ոչ միայն ձեր` իբրև պրոֆեսիոնալների, այլև մեր ողջ հասարակության հասունության չափանիշ», — հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով` իշխանությունները բացարձակապես տրամադրված չեն կոծկելու պետական համակարգում կամ հասարակության մեջ առկա թերությունները, և այդ հարցում շարունակում են ունենալ ԶԼՄ-ների աջակցության կարիքը:
«Մեզ անհրաժեշտ է ձեր ազնիվ ու անաչառ աշխատանքը, որպեսզի Հայաստանի հասարակությունը, ողջ պետական համակարգը, ամենատարբեր կառույցներն ու գործիչները կարողանան լրատվության հայելու մեջ տեսնել իրենց իրական պատկերը: Շատ կարևոր է, որ այդ հայելին ծուռ չլինի, իսկ ներկայացված պատկերն էլ` աղճատված: Վստահ եմ, որ ձեր առողջ դատողությունը, ձեր ինքնակազմակերպումը և ինքնակարգավորումը թույլ կտան լուծումներ գտնել նաև այդ ոչ հեշտ խնդրի համար: Մենք պետք է շարունակենք մնալ քաղաքական հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և տարբեր` անգամ իրարամերժ ուժերի երկխոսության և, ինչո՞ւ չէ, համագործակցության ջատագովը: Կեղծիքը, սադրանքը, վիրավորանքը և պիտակավորումը խոչընդոտում են երկխոսությանը, խափանում դրա հնարավորությունն իսկ», — հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ 2011 թվականը լինելու է համագործակցության, վերընթաց զարգացման և առաջընթացի տարի: