Home / Հայաստան / Հնձեցինք այն, ինչ ցանել էինք. 2010 թվականը` քաղաքական գործիչների աչքերով

Հնձեցինք այն, ինչ ցանել էինք. 2010 թվականը` քաղաքական գործիչների աչքերով

Արդյո՞ք Հայաստանում անորոշության տարի է եղել, և Հայաստանի համար ի՞նչն էր դրական ու ի՞նչն էր բացասական այս կամ այն ոլորտում: Այս հարցերին փորձեցին պատասխանել 4 քաղաքական գործիչներ «Սիվիլիտաս» հիմնադրամի կողմից կազմակերպած «Հայաստան 2010. անորոշության տարի» անվանումը կրող շնորհանդես-քննարկման ժամանակ: Միջոցառման բանախոսներն էին ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը, Ստեփան Սաֆարյանը` «Ժառանգություն» կուսակցությունից, Վարդան Բոստանջյանը` ԲՀԿ-ից:

«Այս տարի արձանագրեցինք ավելի մեծ գնաճ ու ավելի խորը աղքատություն նախորդ տարվա համեմատ», – խոսելով 2010 թվականի իրադարձություններից` ասել է Արտակ Դավթյանը:

Նա նշել է նաև, որ Հայաստանը պետք է ընդունի և օգտագործի Վրաստանի հաջողված փորձը կաշառակերության դեմ պայքարում:
Վարդան Բոստանջյանը խոսել է Հայաստանում քաղաքացիական հասարակության և կրթության մակարդակի մասին:
«Բոլորս էլ ցանկալի մակարդակով կրթված չենք, առաջին հերթին, պետք է քաղաքացիական հասարակությունը ձևավորել»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Անդրադառնալով տնտեսությանը` Բոստանջյանն ասել է, որ կարելի էր արտաքին պարտքն ավելի մեծացնել, քանի որ, ըստ նրա, դեռ ոչ մի միջազգային կառույց չի դժգոհել Հայաստանի` պարտքերը չվճարելուց, ինչպես նաև նշել է, որ մակրոտնտեսական կայունության հետ կապված Հայաստանը խնդիրներ ունի և կունենա նաև 2011 թվականին:
ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը փաստել է, որ այս տարի միջազգային կառույցները Հայաստանում արձանագրեցին մրցունակության անկում, արտաքին պարտքի մեծացում հետընթաց բիզնեսի վարման մեջ:

«Իսկ մեր իշխանություններն էլ տապալվել են սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ»,- նշել է բանախոսը:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն էլ, ամփոփելով տարին, ասել է.
«Այս տարի հնձեցինք այն, ինչ ցանել էինք: Հետմարտյան առճակատումներով լի Հայաստանը մուտք գործեց ճգնաժամն ու մենք հասկացանք, որ կապիտալ շինարարության ոլորտը տուժեց, ու վերջիններիս համար հրավիրվեցին արտաքին պարտքերը. այսօր խոշոր ձեռնարկատերերը, որոնք նաև ԱԺ-ում են նստում, շուկայից մղում են փոքր և միջիններին. հայաստանյան շուկայում խաղի կանոնը խաղի կանոնների բացակայությունն է»,- ասել է Սաֆարյանը:
Վերջինս մեջբերել է Լարիսա Ալավերդյանի խոսքերը`«ամենապարզունակ բաները, որ իշխանությունը կամ չի պատկերացնում, կամ ձևացնում է, թե չի պատկերացնում, ազգային անվտանգության խնդիրն է»:
Ստեփան Սաֆարյանը 2011 թվականին ցանկություն է հայտնել նախևառաջ տեսնել իշխանության և իշխանության որակի փոփոխություն:

«Երկրորդը` ցանկանում եմ, որ հասարակությունը դառնա քաղաքացիական, դառնա նախաձեռնող և պահանջատեր»,- ասել է Սաֆարյանը: