Home / Հայաստան / Տիմոշենկոյին վեցժամյա «ծաղրանքի» են ենթարկել

Տիմոշենկոյին վեցժամյա «ծաղրանքի» են ենթարկել

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին կրկին կանչել են գլխավոր դատախազություն հարցաքննման, որն այս անգամ տևել է 6 ժամ:

«Դրանք ակնհայտ ծաղրանքի 6 ժամեր էին… Ինձ ցանկանում էին առաջադրել բազմաթիվ փաստաթղթեր, նոր մեղադրանքներ, որոնք կրկին վերաբերում էին նույն հարցին` ճգնաժամի ընթացքում թոշակների վճարմանը»,- մեկնաբանել է Տիմոշենկոն:

Նրա խոսքով` որևէ նոր մեղադրանք իր նկատմամբ չի առաջադրվել, քննարկվում էր միայն Կիոտոյի պայմանագրի համաձայն թոշակների վճարման հարցը: Տիմոշենկոն հայտարարել է նաև, որ հարցաքննությունը անօրինական է համարում, քանի որ իր փաստաբանը ներկա չի եղել գործընթացին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում Տիմոշենկոյի նկատմամբ դատական գործ էր հարուցվել: Նա մեղադրվում է Կիոտոյի արձանագրությունների շրջանակներում Ուկրաինայի կողմից վաճառված գազի արտանետումների քվոտայից ստացված գումարների ոչ նպատակային օգտագործման մեջ: Շուտով նախկին վարչապետը կարող է մեղադրվել ևս մեկ գործով, որը կապված է շտապ օգնության ծառայության համար բարձր գներով հազար մեքենայի ձեռք բերման հետ: Տիմոշենկոն չի ընդունում իր մեղքը և հայտարարում է, որ ներկայիս իշխանությունը փորձում է վախեցնել և իր հաշիվները մաքրել ընդդիմության հետ:

Նախկին վարչապետը երկիրը չլքելու պարտավորություն է ստորագրել: Նա ոչ միայն չի կարող լքել երկիրը, այլ նաև չի կարող ազատ տեղաշարժվել Ուկրաինայի տարածքում: Նրան թույլատրվում է միայն գտնվել իր մշտական բնակության վայրում: