Home / Հայաստան / «ԱԼՄ-ն պիվի բուդկա չի»… ժողովուրդը Կարապետյանին «հարգանքի տուրք մատուցեց»

«ԱԼՄ-ն պիվի բուդկա չի»… ժողովուրդը Կարապետյանին «հարգանքի տուրք մատուցեց»

Թող մեզ հետ արժանապատվորեն վերաբերեն, թող ժողովրդին չնեղացնեն, այսօր խնդիրը ԱԼՄ հեռուստաընկերությանը չի, խնդիրն ընդհանրապես անարդարությունն է, որը մեր տան մեջ մեր հանդեպ ձևավորել են, չգիտեմ ինչու: Եկեք ասենք` ոչ, որ բոլորը լսեն դա: Այսօր Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքի ընթացքում այսպիսի կոչով է հանդես եկել ԱԼՄ հեռուստաընկերության տնօրեն, Ժողովրդական կուսկացության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նա նշել է, որ թեև ինքն է ձևավորել ԱԼՄ հեռուստաընկերությունը, բայց այն ժողովրդինն է:

«Ես այն ձեզ եմ նվիրում, յուրաքանչյուր ոտնձգություն ժողովրդի հանդեպ է, ինձ չեն զրկել, ձեզ են զրկել, եկեք ասենք` ոչ: Թող այսօր տեսնեն, և մյուս հանրահավաքը կլինի սրա կրկնապատիկը, եռապատիկը», – իր ելույթի ընթացքում ասել է Կարապետյանը:

Հանրահավաքի ժամանակ վերջինս նաև նոր նախաձեռնության առաջարկությամբ է հանդես եկել:

«Ես առաջարկում եմ ստեղծել երևանցիների հայրենասիրական, հայրենակցական միություն, ապարանցիներն ունեն, բոլորն ունեն, լեննականցիներն ունեն, Երևանն էլ պիտի ունենա: Եկեք ասենք այո հայրենակցական միությանը` այո», – հայտարարել է Կարապետյանը:

ԱԼՄ-ի տնօրենի խոսքով այսօր մարդիկ Մատենադարանի մոտ էին հավաքվել իրեն «հարգանքի տուրք մատուցելու համար»:

«Եվ երկրորդը` ամենակարևորը, որ մենք բոլորս պետք է ասենք` ոչ: Գիտեք ինչ, շանը որ տեսնում ես, կոպալը վերցրա ձեռքդ, հերիք էղավ մեզ կծեք, հալածեք: Եվ թող չասեն, թե երկու պապիկ ա եկել էստեղ, էստեղ տղաներ կան, որ հազար արժեն, հըլը նայեք»,- ասել է Տիգրան Կարապետյանը:

Նա նաև հայտարարել է, որ ԱԼՄ հեռուստաընկերությունը «պիվի բուդկա չի, այն ժողովրդի արժեքն է»:

«Մենք թույլ չենք տա մեր հանդեպ այսպիսի վերաբեմունք, դուք հարգեք մեզ, մենք հարգենք ձեզ, գյուղացուն ջուր տանք, քաղաքացուն` աշխատանք, կեցցե’ հայ ժողովուրդը»,- ասել է Ժողովրդական կուսակցության առաջնորդը:

Նա ասել է նաև, որ այսօրվա իր հրավիրած հանրահավաքը միայն ԱԼՄ հեռուստաընկերության համար չէ, այլ «Ա1+», «Գալա» հեռուստաընկերությունների և «Մարտի 1-ի» համար է:

Տիգրան Կարապետյանը հանրահավաքի ընթացքում նաև հայտարարել է հաջորդ հանրահավաքի մասին. այն կայանալու է հունվարի 19-ին, ժամը 16:00-ին, նույն վայրում:

«Մի լռեցրեք ժողովրդի ձայնը, մի մենաշնորհեք ամեն ինչ, ինչու է լռում կաթողիկոսը, եկեք պայքարենք մեր կյանքի համար, մենք պահանջում ենք մեր կառավարությունից, մեր նախագահից հաշվի նստել ժողովրդի հետ: Մենք ամսի 19-ի հանրահավաքին ցույց կտանք, որ ամսի 20-ին չեն կարող փակել ԱԼՄ-ն: Իսկ հիմա եկեք վառենք մեր մոմերը, վառենք մեր մոմերը միասին, որովհետև կա բարձրագույն դատարան, այնտեղ էլ են պատասխան տալու»,- հայտարարել է Տիգրան Կարապետյանը:

Տիգրան Կարապետյանի ելույթից հետո հավաքվածները վառել են նախապես իրենց բաժանած մոմերը և ձեռքերը վեր պարզել: