Home / Հայաստան / «Գնալու ենք Բաղրամյան 26…». «թագավոր Սերժ Սարգսյանին» խնդրում են չփակել ԱԼՄ-ն

«Գնալու ենք Բաղրամյան 26…». «թագավոր Սերժ Սարգսյանին» խնդրում են չփակել ԱԼՄ-ն

«Կոնգրեսը ճիշտ ա ասում` այս իշխանությունը ավազակապետություն է, եկել ենք, որ թույլ չտանք դրանք փակեն մեր ժողովրդական ալիք ԱԼՄ-ն»:

Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել երևանաբնակ մի տարեց կին, ով այսօր Մատենադարանի մոտ էր եկել մասնակցելու ԱԼՄ հեռուստաընկերության տնօրեն, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի կողմից հրավիրված հանրահավաքին:

Մատենադարանի մոտ էին հավաքվել ոչ միայն երևանցիներ, այլ նաև Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ: ԱԼՄ-ի փակման դեմ բողոքելու էին եկել նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Մասնավորապես, քրդական համայնքի տասից ավելի ներկայացուցիչներ Epress.am-ի հետ զրույցում բողոքել են, որ «չի կարելի փակել ԱԼՄ-ի նման հեռուստաընկերությունը, ով մեզ մեծ տեղ է տալիս»:

«Էկել ենք էստեղ, որ ԱԼՄ-ն չփակվի, ինքը քննադատում էր սաղին, դրա համար էլ փակում են: Բայց ի՞նչ վատ ալիք ա, մեզ լիքը տեղեր ա տարել, Գոշավանք ա տարել, Ամբերդ ա տարել, իրա հետ ամեն տեղ էլ գնացել ենք, համ էլ մեր թոռներին երգել ա տվել»,- խմբակային խոսում էին քրդական համայնքի ներկայացուցիչները:

Հանրահավաքին մասնակցում էին նաև մարդիկ Հրազդանից, Արարատից, Արմավիրից:

«ԱԼՄ-ն մեզ համար ոնց որ մխիթարանք լինի, ով ինչ բողոք ունի զանգում, ասում ա:
Թող երկար կյանք ըլնի մեր թագավորին` Սերժ Սարգսյանին, մենք պիտի խնդրենք, ոչ թե ցույց անենք, գոռանք, բողոքենք, որ ԱԼՄ-ն չփակի»,- մեզ հետ զրույցում ասել է Հրազդանի բնակիչներից մեկը:

Արարատի մարզի երիտասարդներն էլ մեզ հետ զրույցում ոգևորված ասում էին, որ իրենք իրենց կամքով եկել են ԱԼՄ-ի համար պայքարելու:

«Որովհետև ինչ լավ հաղորդում կա, էդ մի ալիքով են ցույց տալիս, ինչ լավ բան կա Տիգրան Կարապետյանը մեր` ժողովրդի համար ա անում, ոչ թե Սերժ Սարգսյանը, էտի ո՞վ ա վաբշե: Անձամբ ես իմ հետ 15 հոգի բերել եմ, մենք շատ ենք էստեղ: Մարդկանց ձենը փակող չի լինի»,- ասել է Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Արմենը:

«Եթե փակեն, մենք գնալու ենք նախագահի նստավայր` Բաղրամյան 26: Չպիտի փակեն ԱԼՄ-ն, ո՞նց կարելի ա փակել, ո՞նց կարելի ա անտարբեր անցնել նրա հաղորդումներին»,- մեզ հետ զրույցում վրդովված ասել է երևանցի Արմենուհի Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին ԱԼՄ-ը հեռուստաընկերությունը կապուղիների համար մրցույթում պարտվել էր «Երևան TV»-ին: ԱԼՄ-ն կդադարի եթերում լինել հունվարի 21-ից: