Home / Հայաստան / Դուրյանը համաժողովրդական շարժման հոգևոր սյունն էր. հայտարարություն

Դուրյանը համաժողովրդական շարժման հոգևոր սյունն էր. հայտարարություն

«Կյանքից հեռացավ աշխարհահռչակ դիրիժոր, մաեստրո Օհան Դուրյանը` մեր սիրելի ՄԱԵՍՏՐՈՆ: Մենք ցավակցում ենք Մաեստրոյի ընտանիքին, հարազատներին, մեզ բոլորիս, ովքեր բախտ ունեցան լինել նրա ժամանակակիցը, վայելել նրա երաժշտական հանճարն ու մտավորական խիզախությունը», – արձագանքելով հռչակավոր դիրիժոր Օհան Դուրյանի մահվան մասին լուրին՝ քաղբանտարկյալներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքաելյանը, Մուրադ Բոջոլյանը, Շմավոն Գալստյանը, Ռոման Մնացականյանը, Սարգիս Հացպանեանը և Արա Թադևոսյանը հայտարարությամբ են հանդես եկել:

Քաղբանտարկյալները նշում են, որ հայ ժողովուրդն անդառնալի կորուստ ունեցավ:

«Մեզանից հեռացավ իսկական մտավորական, որը համայն մարդկությանը պարգևելով իր դիրիժորական հանճարը, վայելելով փառքի րոպեներ աշխարհահռչակ բեմերում, վայրկյան իսկ չլքեց իր ժողովրդին ու իր երկիրը ամենադժվար պահերին: Մեր սիրելի Մաեստրոն իր ժողովրդի կողքին կանգնեց այս բռնապետության դեմ պայքարի առաջին իսկ օրերից, մինչ իր կյանքի վերջը` դառնալով համաժողովրդական շարժման հոգևոր սյունը: Մաեստրոն ապրեց` իր մեջ արտացոլելով մարդկային վսեմագույն գաղափարներ` սերն առ հայրենիք, սերն առ երաժշտություն, սերն առ ՄԱՐԴ: Մաեստրոյի` մեր պայքարի ավագ ընկերոջ մահը մեզ բերեց ունայնություն զգացում, բայց նաև կրկնակի պարտավորություն նրա հիշատակի առաջ` ավարտին հասցնել համաժողովրդական շարժման հաղթանակը, որի համար նա չխնայեց ոչինչ:Բարի ճանապարհ դեպի անմահություն սիրելի ՄԱԵՍՏՐՈ…», – նշված է հայտարարության մեջ: