Home / Հայաստան / Ռուսաստանցի գրողն ուզում է «ամպուտինացիա» իրականացնել

Ռուսաստանցի գրողն ուզում է «ամպուտինացիա» իրականացնել

Հայտնի ռուսաստանցի գրող Բորիս Ակունինը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Նա համացանցի միջոցով նոր շարժում է կազմակերպել, որն ուղղված է Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի նկատմամբ կիրառված ազատազրկմանը վերջ տալուն:

«Livejournal»-ի իր անձնական բլոգում Ակունինը առաջարկել է համացանցի օգտատերերին «անարդար դատավորների դեմ ուղղված կայք բացել», շարունակել ստորագրահավաքը ի պաշտպանություն ЮКОС-ի նախկին ղեկավարների և կոչ է արել մշակույթի հայտնի գործիչներին նամակով դիմել Ռուսաստանի նախագահին:

Радио Свобода-ին տված հարցազրույցում Ակունինը նշել է, որ դա իր անձնական ծրագիրը չէ, գաղափարը նա վերցրել է իր բլոգում մեկնաբանություններ թողած ընթերցողներից: Գրողի կարծիքով` երկրին «ամպուտինացիա » է անհրաժեշտ (ամպուտացիա և Պուտին բառերի միջոցով բառախաղ- Epress.am): «Որքան արագ և քաղաքակիրթ կերպով երկիրն իրականացնի այդ պատմականորեն անհրաժեշտ վիրահատությունը, այնքան արագ տեղից կշարժվի բազմաթիվ ծանր հարցերի լուծման գործընթացը` կապված կոռուպցիայի, Կովկասի, ներդրումների, միջազգային հեղինակության վերականգնման հետ», – գրել է Ակունինը:

Խոդորկովսկին էլ, ըստ գրողի, հենց հաջորդ օրը ազատության մեջ կհայտնվի:

Հիշեցնենք, որ Խոդորկովսկին և Լեբեդևը դատապարտվել են 13,5 տարվա ազատազրկման դրամաշորթության և եկամուտների լվացման մեղադրանքով: Ռուսաստանում և աշխարհում գործող իրավապաշտպանները քննադատության են ենթարկել դատարանի որոշումը` այն անվանելով քաղաքականացված: