Home / Հայաստան / Ասանջի արտաքսման հարցը կորոշեն փետրվարին

Ասանջի արտաքսման հարցը կորոշեն փետրվարին

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին Մեծ Բրիտանիայից Շվեդիա  արտաքսելու վերաբերյալ դատավարության օրեր են նշանակվել փետրվարի 7-ը և 8-ը, հաղորդում է AFP-ն:
Լիարժեք լսումների օրերի վերաբերյալ որոշումը կայացվել է այսօր Լոնդոնի Woolwich Crown Court դատարանում` 10 րոպե տևած նիստի ընթացքում: Կարճ լսումների ժամանակ Ասանջը հանդես է եկել միայն իր անձը և բնակության վայրի մասին տվյալները հաստատող տեղեկությամբ:
Հիշեցնենք, որ Շվեդիայի դատախազությունը պահանջում է արտաքսել Ասանջին: Վերջինիս մեղադրում են 2 շվեդուհիների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Ասանջի պաշտպանությունը պնդում է, որ դատավարությունը քաղաքական ենթատեքստ ունի, և հայտարարում է, որ հարձակումներն իրենց պաշտպանյալի վրա կապված են նրա կայքի գործունեության հետ, որը հրապարակում է ԱՄՆ դիվանագետների գաղտնի նամակագրությունները:
Ասանջին ձերբակալել էին Լոնդոնում դեկտեմբերի 7-ին, իսկ դեկտեմբերի 16-ին ազատ էին արձակել գրավի դիմաց: Այս ողջ ընթացքում նա ապրում է իր ընկերոջ ամառանոցում: