Home / Հայաստան / Աղվան Հովսեփյանը չի մասնակցել «Օջախի» խնջույքին. դատախազություն

Աղվան Հովսեփյանը չի մասնակցել «Օջախի» խնջույքին. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը չի մասնակցել «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքին և տեղյակ էլ չէ նման խնջույք տեղի ունեցել է, թե` ոչ: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը` հերքելով «Հրապարակ» օրաթերթի այսօրվա հրապարակումը:

Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը հայտնել էր, թե «Օջախ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած տոնախմբություններից մեկի ժամանակ, որին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ուրիշներ, քեֆն այնքան է թեժացել, որ մասնակիցները դուրս էին եկել բակ և քեֆն այնտեղ են շարունակել: Բակ են հանել նաև նվագողներին ու երգողներին: Ապա քեֆի թունդ պահին ոմանք հանել են զենքերը և սկսել են կրակել:

Ըստ օրաթերթի` ինչ-որ մեկի մտքով անցել է որպես նշակետ օգտագործել «Օջախի» «Օ» տառը: Հրազենային կրակոցներն այնպես են վախեցրել երիտասարդ երգչուհուն, որ նա քիչ է մնացել ուշագնաց լինի. նա երգելիս է եղել այդ «Օ»-ից մի քանի մետրի վրա, և նրան ստիպել են ողջ ընթացքում շարունակել երգելը:

«Հարգելով հանրությանը ստուգված և անկողմնակալ տեղեկատվություն ստանալու իրավունքը, պաշտոնապես հայտնում ենք, որ սույն հրապարակումը  բացարձակ սուտ, կեղծ, մերկապարանոց և մտացածին  է», – մեկնաբանել է ՀՀ դատախազությունը: