Home / Հայաստան / ԽՍՀՄ-ի հայ քաղաքացիները զրկվել են բոլոր իրավունքներից Բուլղարիայում

ԽՍՀՄ-ի հայ քաղաքացիները զրկվել են բոլոր իրավունքներից Բուլղարիայում

Բուլղարիայում ապրում  և աշխատում է Եվրամիությանը չանդամակցող երկրների ավելի քանի 100 հազար քաղաքացի: Բուլղարիայի` Եվրամիության կազմում ընդգրկվելուց հետո նրանց թվի ավելացման միտում է նկատվում, գրում է «Բուլղարիայում Ռուսական թերթ» պարբերականը:

Նախկին ԽՍՀՄ-ի քաղաքացին, ով 15-20 տարի առաջ Բուլղարիա է տեղափոխվել` խորհրդային անձնագիրը ձեռքին, Բուլղարիայում քաղաքական փոփոխություններից հետո հայտնվում է քաղաքացիություն չունեցող մարդու կարգավիճակում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախացած հանրապետություններից և ոչ մեկը չի ճանաչում այդ մարդուն որպես իր քաղաքացի:

Արդյունքում` նա մնում է առանց ազգային անձնագրի և չի կարող Բուլղարիայում ապրելու իրավունք ստանալու համար փաստաթղթեր ներկայացնել:

Օրինակ, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը, ովքեր տեղափոխվել են Բուլղարիա այն տարիներին, երբ երկու երկրների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ էր գործում, սեփական բիզնես են հիմնել, հաստատվել են երկրում, այժմ` վիզային ռեժիմի ընդունումից հետո, չեն կարողանում օրինականացնել իրենց կարգավիճակը:

Այժմ, երբ Բուլղարիան պատրաստվում է մտնել Շենգենյան գոտի, երկրում խիստ միջոցներ են ձեռնարկում ապօրինի ներգաղթյալների նկատմամբ: Հայ քաղաքացիներին բռնում են, տեղափոխում ժամանակավոր բնակության հատուկ կացարաններ կամ արտաքսում են Հայաստան: Ոմանց ազատ են արձակում, բայց նրանք չեն կարողանում օրինականացնել երկրում իրենց կարգավիճակը, աշխատանքի իրավունքները, սոցիալական աջակցությունն ու առողջապահական սպասարկումը: