Home / Հայաստան / Վեյկ-ան-Զեեի գերմրցաշարում Արոնյանը մեկնարկում է ուժեղագույնի հետ պարտիայով

Վեյկ-ան-Զեեի գերմրցաշարում Արոնյանը մեկնարկում է ուժեղագույնի հետ պարտիայով

Վաղը հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում մեկնարկում է ավանդական շախմատային գերմրցաշարը, որն այս տարի կոչվում է Թաթա Սթիլ, քանի որ մրցաշարի հովանավորն է հնդկական համանուն ընկերությունը: Նախորդ տարիներին այն կոչվում էր Կորուս Չես:

2011 թվականի Վեյկ-ան-Զեեի մրցաշարը 20-րդ կատեգորիայի է, այն բացառիկ է իր մասնակիցների կազմով: A խմբում հանդես են գալիս ՖԻԴԵ-ի վարկանիշով աշխարհի չորս ուժեղագույն շախմատիստները՝  նորվեգացի Մագնուս Կառլսենը, հնդկաստանցի Վիշվանաթան Անանդը, Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի մրցաշարը 19-րդ կատեգորիայի էր, իսկ մասնակիցների թվում չկար Լևոն Արոնյանը:

Վիշվանաթան Անանդը Վեյկ-ան-Զեեի մրցաշարի պատմության ընթացքում թվով ամենից շատ հաղթանակներն է տարել՝ 5: Երկուական անգամ հաղթող են ճանաչվել Արոնյանն ու Կառլսենը, մեկ հաղթանակ է տարել Վլադիմիր Կրամնիկը: Պատահական չէ, որ հենց այս չորս շախմատիստն էլ համարվում են հաղթողի կոչման հիմնական հավակնորդները:

Բացի Արոնյանից, մրցաշարին Հայաստանը ներկայացնում է Գաբրիել Սարգսյանը, ով հանդես կգա B խմբում:

Վաղվա տուրը մեկնարկելու է Երևանի ժամանակով 16:30-ին: Հենց առաջին տուրում Արոնյանին բաժին է հասել վարկանիշով աշխարհի ուժեղագույն շախմատիստը՝ նորվեգացի Մագնուս Կառլսենը: Արոնյանը Կառլսենի հետ մրցելու է սևերով:

Գաբրիել Սարգսյանն առաջին տուրում սպիտակներով կմրցի Հնդկաստանը ներկայացնող Սուրիա Գանգուլիի հետ: