Home / Հայաստան / Ազգայնամոլները կրկին կոչ են անում դուրս գալ փողոց. Մոսկվայի կենտրոնն արգելափակված է

Ազգայնամոլները կրկին կոչ են անում դուրս գալ փողոց. Մոսկվայի կենտրոնն արգելափակված է

Մոսկվայում սկսվել է «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագու Եգոր Սվիրիդովի մահվան հիշատակի ակցիան: РИА Новости-ի փոխանցմամբ` ակցիային մասնակցում են մի քանի հազար քաղաքացիներ: Գործակալությունը նշում է, որ երթը խաղաղ է անցնում:

Իրավապահ մարմինները շուրջկալի մեջ են վերցրել այն պողոտան, որտեղ անցկացվում է երթը, վերևից տարածքը հսկում է ոստիկանական ուղղաթիռը:

«Վոդնի ստադիոն» մետրոյի կայարանի հարևանությամբ փակվել են առևտրի կետերն ու շուկան: Ոսիկանության աշխատակիցները նաև շրջափակել են քաղաքի կենտրոնը` Տվերսկայա և Մանեժնայա հրապարակները, հաղորդում է Lenta.ru-ն:

Եգոր Սվիրիդովի հիշատակին նվիրված երթն արտոնվել է Մոսկվայի ղեկավարության կողմից: Քաղաքային իշխանությունները թույլ են տվել ակցիայի մասնակիցներին 4,5 հազար մարդ հավաքել: Երթի մասնակիցները պատրաստվում են անցնել «Վոդնի ստադիոն»-ի տարածքով մինչև Կրոնշտադտի պողոտա, որտեղ դեկտեմբերի սկզբին սպանվել էր Սվիրիդովը:

Միևնույն ժամանակ, արմատական տրամադրված երիտասարդները համացանցում կոչեր են անում չարտոնված ակցիա անցկացնել Մանեժնայա հրապարակում, հաղորդում է  Newsru.com-ը:

Մոսկվայի իրավապահ մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ղեկավար Վիկտոր Բիրյուկովը հայտարարել է, որ «հասարակական կարգը խախտողների հանդեպ կոշտ միջոցներ են ձեռնարկվելու»:

«Երթի օրը քաղաքում կարգուկանոնին հետևելու է մոտ 4 հազար մարդ, որոնցից 2,5 հազարը ոստիկաններ են, 1,5 հազարը` Ներքին Զորքերի զինվորականներ»,- հայտնել է Բիրյուկովը: