Home / Հայաստան / Ցույց տա՞լ դպրոցականների համբույրը. Հ1-ը նորացված եթեր է խոստանում առանց «Աննա 3»-ի

Ցույց տա՞լ դպրոցականների համբույրը. Հ1-ը նորացված եթեր է խոստանում առանց «Աննա 3»-ի

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին «Իրավունք» թերթը պատվոգիր է հանձնել 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունում լավագույն մշակութային քաղաքականություն իրականացնելու կապակցությամբ և Հանրային հեռուստատեսությամբ ազգային բարձրարժեք մշակույթ մատուցելու համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսան Հարությունյանն էլ ի պատասխան խոստացել է, որ 2011 թվականին մշակութային քաղաքականությունն ավելի լավն է լինելու, քան 2010 թվականին:
Ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ շատ հնարավոր է` այս տարի մանկական Եվրատեսիլը առաջին անգամ անցկացվի Հայաստանում:

«Եթե առաջ մենք ասում էինք` քիչ հավանական է, հիմա ասում ենք, որ շատ հնարավոր է»,- ասել է բանախոսը:

Նա նշել է, որ եթե Հայաստանում անցկացվի Մանկական Եվրատեսիլը, ապա ծախսերը միայն Հայաստանի վրա չեն լինի, այլ նաև Ժնևում գտնվող Եվրոպական հեռարձակողների միության կողմից կտրվի բավական շոշափելի դրամական աջակցություն այն երկրին, որտեղ անցկացվում է Եվրատեսիլը:

Անդրադառնալով Հանրային Հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդումներին և սպասվող նոր ծրագրերին` Ալեքսան Հարությունյանը հայտարարել է, որ «Աննա 3» չի սպասվում:

Լրագրողներից մեկը հարց է ուղղել Հարությունյանին կապված նոր` «Հրեշտակների դպրոց» սերիալի հետ, որտեղ, ըստ լրագրողի, կան բռնության և դպրոցականների համբուրվելու տեսարաններ:

«Երբ հայրը որդուն ապտակում է, դա բռնության տեսարա՞ն է, իսկ եթե 10-րդ դասարանի տղան և աղջիկը համբուրվում են, դա չի՞ կարելի ցույց տալ»,- հարցին հարցով է պատասխանել Ալեքսան Հարությունյանը:

Վերջինս հավելել է, որ նոր ծրագրեր և հաղորդումներ են լինելու, մասնավորապես, Արթուր Բախտամյանի նոր հեղինակային հաղորդումը, ամբողջովին թարմացում է նախապատրաստվում «Հայլուր»-ի և քաղաքական հաղորդումների մեջ:

«Մարտի սկզբից դուք կտեսնեք բավական փոփոխված «Հայլուր», նաև արտաքին տեսքով, կտեսնենք և կգնահատեք, խոսքը ոչ միայն տեխնիկական փոփոխությունների մասին է, այլ նաև բովանդակային»,- ասել է բանախոսը: