Home / Հայաստան / Միջազգային կառույցները միացել են հայ բնապահպաններին` ընդդեմ Դելֆինարիումի

Միջազգային կառույցները միացել են հայ բնապահպաններին` ընդդեմ Դելֆինարիումի

«Վայրի բնությունից կտրված են դելֆինները, մինչև 100 կիլոմետր է իրենց օրական լողալու չափը, սակայն հիշեցնեմ, որ Երևանի Դելֆինարիումի ավազանն ընդամենը 18 մետր է, 5 մետր խորություն, քլորաջուր է, և հայտնի չէ, թե որ լաբորատոր պայմաններում են դարձնում աղի ջուր, չկա իրենց համար առանձին ավազան, ընդամենը ատրակցիոնների համար նախատեսված ավազանն է, ու վերջ»,- Epress.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում բացված Դելֆինարիումի խնդրին` ասել է «Էկոդար» հ/կ-ի նախագահ Հրայր Սավզյանը:
Նա նշել է, որ երբ հայկական բնապահպանական կազմակերպությունները համապատեղ նամակ են հղել ՀՀ նախագահին, ՄԻՊ պաշտպանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, «Վայրի Բնություն և կենդանիներ» ամերիկյան բնապահպանական կազմակերպությունն տարածել է այն, և ամերիկյան ու եվրոպական մոտ 50 բնապահպանական կազմակերպություններ միացել են այդ նամակին: Մասնավորապես, աջակիցների թվում են` Կետազգիների պաշտպանության միջազգային կազմակերպության նախագահ Ուիլիամ Ու. Ռոսիթերը, «Ո´չ կետազգիների անազատությանը» կոալիցիայի նախագահ Աննելիս Սորգը, Սաքե Հեմմին «Էլսա» բնության պահպանությանն կազմակերպությունից (Ճապոնիա), Վանեսա ՄքՄեյնը` Կանադայի հումանիտար միությունից, Նաոմի Ա. Ռոուսը` Միջազգային հումանիտար միությունից և  այլն:

«Ի միջի այլոց, արդեն մեկ ամիս է` ոչ մի կառույցից պատասխան կամ արձագանք չենք ստացել»,- հավելել է բնապահպանը` նկատի ունենալով հայաստանյան ատյաններին ուղղված իրենց նամակը:

Էկոլոգիական-հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ քանի որ որևէ արձագանք չկա Հայաստանի իշխանությունների կողմից, իրենք դատական հայց են պատրաստում Դելֆինարիումի դեմ:

«Այս պահին մենք ունենք իրավաբան, ով փաստեր է հավաքում, և շուտով կդիմենք դատարան: Որովհետև այնպիսի անօրեն գործունեություն, ինչպիսին է Դելֆինարումի կառուցումն է Երևանի տարածքում, և էսպիսի լռություն` դա աննախադեպ է: Էսպիսի լկտիության հասնող անտարբերությունն աննախադեպ է»,- հայտարարել է մեր զրուցակիցը: