Home / Հայաստան / «Մենք բոլորս հայ ենք». Ստամբուլում կրկին միավորվել էին Հրանտ Դինքի շուրջ

«Մենք բոլորս հայ ենք». Ստամբուլում կրկին միավորվել էին Հրանտ Դինքի շուրջ

Հազարավոր մարդիկ այսօր հավաքվել էին Ստամբուլի կենտրոնում գտնվող Տաքսիմ հրապարակում: Մարդկանց նույնքան մեծ բազմություն էր ժողովվել Հալասկարգազի պողոտայում, որտեղ գտնվում է թուրքերեն և հայերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս»  շաբաթաթերթի շենքը: Հենց այս վայրում՝ Հալասգարգազի պողոտայի և Շաֆակ փողոցի հատման կետում, 4 տարի առաջ այս օրը սպանվել էր «Ակօսի» խմբագիր, հայտնի լրագրող և իրավապաշտպան Հրանտ Դինքը:

Հազարավոր հայեր, հույներ, թուրքեր, քրդեր այսօր եկել էին հարգելու հայազգի լրագրողի հիշատակը, ով իր անձնական օրինակով և գործողություններով քանդում էր Թուրքիայի հասարակության կարծարտիպերը, խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց էր արձանագրում:

Այս տարի բազմությունն ավելի մեծ էր, քան նախորդ տարի, երբ ձյան պատճառով շատերը չէին կարողացել գալ «Ակօսի» խմբագրության շենքի մոտ: Սակայն միայն ձյան բացակայությունը չէր մեծ թվով մարդկանց հավաքվելու պատճառը: Այս տարի Թուրքիայի հասարակությունն ավելի քան սուր էր զգում արդարության մասին բարձրաձայն խոսելու անհրաժեշտությունը, որն այսօր ժամանակի հրամայական է դարձել:

2010 թվականի ընթացքում շատ բան է տեղի ունեցել՝ կապված Դինքի սպանության մանրամասների բացահայտման հետ: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները, իրավապաշտպանների և լրագրողների օգնությամբ սեփական հետազոտություններն իրականացնելով, մի շարք ապացույցներ են հավաքել առ այն, որ Դինքի վրա պատրաստվող մահափորձի մասին իմացել են իրավապահ մարմինները, սակայն ոչինչ չեն արել` սպանությունը կանխելու համար: Բացի այդ, հրապարակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռը, համաձյան որի Թուրքիայի Հանրապետությունը մեղավոր է ճանաչվել Հրանտ Դինքի կյանքի իրավունքը չապահովելու համար:

Այս ամենը Թուրքիայի հասարակության առաջադեմ զանգվածներին ստիպել էր այսօր կրկին միավորվել: Թուրքիայում շատերն են հասկանում, որ, ինչպես չորս տարի առաջ, միավորվելը ժամանակի հրամայականն է: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշել է «Ակօսի» պատասխանատու խմբագիր Արիս Նալջին, այսօր մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ Թուրքիայի հասարակությունը մամուլի ազատության և մարդու իրավունքների ոլորտում հայտնվել է նույն վիճակում, ինչ Հրանտ Դինքի սպանության օրն էր` 4 տարի առաջ:

Եվ մադրիկ հավաքվել էին, ու այսօր էլ շարունակում էին կրկնել. «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք»:

Խոսելով բազմության առջև` սպանված լրագրող Աբդի Իպեկչիի աղջիկը՝ Նյուկհեթ Իկպեկչին, ասել է, որ իրենք հավաքվել են որպես մի մեծ ընտանիք:

«Ինչպես մեր քույր Ռաքել Դինքն է ասում (Հրանտ Դինքի այրին – Epress.am), նրանք ստիպեցին մեզ հարազատներ դառնալ, հարազատներ, որոնք միասին տառապում են», – ասել է Իպեկչին:

Լրագրող, «Հրանտ Դինքի ընկերներ» հասարակական պլատֆորմի տնօրեն Ումիթ Կիվանչի խոսքով՝ մինչ այսօր պետությունը ոչինչ չի արել գործը անաչառ քննելու համար:

«Բոլոր պահանջները մերժվում էին: Նրանք, ում պետք է հարցաքննեին գործի կապակցությամբ, խուսափել են հարցաքննությունից: Իշխանություններին պարզապես պետք չէ այս ամենը», – ասել է Կիվանչը:

Հավաքվածները նշում էին, որ Դինքի սպանության բացահայտումն այն կարևոր քայլն է, որը հնարավորություն կտա Թուրքիայի հասարակությանը կանգնել երկրում առկա խնդիրները լուծելու ճանապարհին: