Home / Հայաստան / Երևանում պահանջեցին վերադարձնել Գագիկ Բեգլարյանին

Երևանում պահանջեցին վերադարձնել Գագիկ Բեգլարյանին

Քաղաքապետարանը հստակ է, հաստատակամ է իր գործընթացում, այս գործընթացն անշրջելի է, որովհետև, եթե մի կողմում բողոքավորների որոշակի խումբ կա, մյուս կողմում հարյուր հազարավոր երևանցիների աջակցություն կա:

Բազմաթիվ մարդիկ զանգահարում և շնորհակալություն են հայտնում սկսված գործընթացի համար: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության գլխավոր մասնագետ  Հովհաննես Ղալեչյանը:

Նրա խոսքով` փողոցում անօրինական առևտուր անողներին առաջարկվել է տարածքներ տրամադրել շուկաներում, որտեղ տաղավարի վճարը չի բարձրանալու, և գործելու են զեղչեր:

Epress.am-ի հարցին, թե ինչ ժամանակահատվածում է նախատեսվում վերջնականապես խափանել փողոցային առևտուրը և արդյոք ավելի մեծ զանգվածների բողոք բարձրանալու մտավախություն չունեն, գլխավոր մասնագետն ասել է, որ արդեն կարելի է արձանագրել, որ փողոցային առևտուր չկա:

«Բողոքելը յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է, բայց չեմ կարծում, որ յուրաքանչյուր բողոքի դեպքում պետք է օրինականորեն բարի նպատակներ հետապնդող գործընթացները դադարեցվեն: Իրենք իրենց գործը կարող են շարունակել սահմանված վայրերում»,- ասել է Ղալեչյանը:

Իսկ  փողոցում բորբոքված մարդիկ շարունակում էին բղավել և հացի փող պահանջել քաղաքապետարանից:

«Իրանք ժողովրդի ծոցից դուրս չեն եկել, մարդ չեն, իրանց քթից ա գալու էս ամեն ինչը: Մենք շարունակելու ենք մեր անելիքը: Մենք գիտենք, որ էս ամեն ինչը նախագահի հրամանով ա արված, վաղը մի մարդու նման կգնանք նախագահի նստավայր, էսօր ինքը ստեղ չի»,- բորբոքված, մեկը մյուսին հերթ չտալով գոռում էին մարդիկ:

«Իրանից հաց չենք ուզում, քաղաքապետից պահանջում ենք` թողնի մենք մեր հացի փողն աշխատենք: Թող դուրս գա իրա պաշտոնից, թող վերադառնա իրա ՀայՌուսԳազարդը, թող Գագիկ Բեգլարյանը գա, մենք գոհ էինք իրանից, մասնակիորեն աչք էր փակել, հասկանում էր, որ ժողովուրդը սոված կմնա»,- ասում էին կանայք:

«Մենք իրանց համար համբալություն չենք անելու, էտի թող մոռանան, ես չեմ էթալու իրանց սուպերմարկետները ուպակովշչիկ աշխատեմ, ես կարամ իրանց բերեմ աշխատցնեմ, բայց ես չեմ էթա դրանց մոտ: Փառք Աստծո, 3 հատ առողջ էրեխեք, ունեմ, ես իրանց պահելու համար կարող ա մեկին տամ սպանեմ: Ես իմ արածն անելու եմ, կտանեմ կդնեմ, 4 հոգի կգան կհավքեն, մեկին կխփեմ, ինքն ինձ կխփի, կտանեն քաղմաս, դրանից հետո արունլվա կհելնեմ Եվրախորհուրդ, կասեմ տոմսի փող տվեք, գնամ»,- ասում էր Վարդանանց փողոցի տոնավաճառում աշխատող առևտրականներից մեկը: