Home / Հայաստան / Արոնյանի երկրորդ հաղթանակը Հոլանդիայում

Արոնյանի երկրորդ հաղթանակը Հոլանդիայում

Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր երկրորդ հաղթանակը տարավ հոլանդական Վեյկ-ան-Զեեում անցնող գերմրցաշարում: 7-րդ տուրում Արոնյանը սևերով պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին: Վերջինս ընդունեց իր պարտությունը 49-րդ քայլին:

Այժմ Արոնյանը վաստակել է 4,5 միավոր: Նույնքան միավոր ունի ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ով Արոնյանի հետ կիսում է 3-4-րդ տեղերը:

Երկրորդ տեղում է հնդկաստանցի Վիշի Անանդը, ով վաստակել է 5 միավոր: Իսկ ահա մրցաշարի միանձնյա առաջատարն է Միացյալ Նահանգները ներկայացնող Հիկառու Նակամուրան, ով այսօր սպիտակներով պարտության մատնեց հոլանդացի Յան Սմեետսին և այժմ ունի 5,5 միավոր:

Վաղը Արոնյանին բարդ հանդիպում է սպասում: Երկրորդ տուրում անընդմեջ նա կխաղա սևերով՝ այս անգամ Անանդի հետ: Առաջատարը՝ Նակամուրան, ուժերը կչափի նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: