Home / Հայաստան / Հոլանդական Վեյկ-ան-Զեեն՝ հայկական շախմատային գույներով

Հոլանդական Վեյկ-ան-Զեեն՝ հայկական շախմատային գույներով

Հոլանդական Վեյկ-ան-Զեեում անցնող շախմատային գերմրցաշարում այսօր հայկական օր էր: A խմբում հանդես եկող Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին:

Հաղթանակը հնարավորություն տվեց Արոնյանին հավասարվել առաջատարների՝ ամերիկացի Հիկարու Նակամուրայի և հնդկաստանցի Վիշի Անանդի հետ: Արոնյանի հետ քայլ առաջ կատարեց նաև ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ով նույնպես 9-րդ տուրում հաղթանակ տարավ: Այժմ մրցաշարում 1-ից 4-րդ տեղերը 6 միավորով բաժանում են Արոնյանը, Անանդը, Նակամուրան և Կրամնիկը:

B խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը նույնպես հայտնվել է առաջատարների շարքում: Այսօր նա սպիտակներով պարտության մատնեց լեհ Ռադեկ Վոյտաշեկին: Սարգսյանը 9 տուրից հետո նույնպես 6 միավոր է վաստակել: Նա առաջին տեղը բաժանում է ֆիլիպինցի Ուեսլի Սոի և անգլիացի Լյուք Մաքշեյնի հետ:

Վաղը Արոնյանը կմրցի Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի հետ, իսկ Սարգսյանը՝ վիետնամցի Լե Կվան Լիեմի հետ: Մեր երկու շախմատիստներն էլ սևերով են խաղալու: