Գլխավոր / Հայաստան / Հայաստանի ԶԼՄ-ներին սպառնում են «անբարո ապրելակերպը» և «ազգային գործիչները»

Հայաստանի ԶԼՄ-ներին սպառնում են «անբարո ապրելակերպը» և «ազգային գործիչները»

«Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը հարցում է ուղարկել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, որում պահանջել է պարզաբանել, մասնավորապես, «ազգային գործիչ», «բարոյականության նորմեր», «անբարո ապրելակերպ», «հանցագործ կենսակերպի ռոմանտիզացիա» ձևակերպումների նշանակությունը:

Այդ տերմինները ՀՌԱՀ-ն օգտագործել է հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների մասին որոշման մեջ: Օրինակ, անչափահասների վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեն այն հաղորդումները, որոնք «նսեմացնում և վարկաբեկում են ազգային եկեղեցուն և նրա կողմից քարոզվող արժեքները.

ժխտում են բարոյականության նորմերը և քարոզում անբարո ապրելակերպ.

վարկաբեկում և նսեմացնում են ազգային գործիչներին.
նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացիային»:

Հունվարի 27-ին Երևանում տեղի ունեցած «ԶԼՄ-ները Հայաստանում» կոնֆերանսի ժամանակ «Ասպարեզի» ղեկավարը հայտնեց, որ ՀՌԱՀ-ի պատասխանում նշվում էր, որ իրենք չունեն նշված ձևակերպումների չափորոշիչները:

Իր հարցման անհրաժեշտությունը Բարսեղյանը բացատրեց այն բանով, որ Հայաստանում աշխատող խմբագիրներն ու լրագրողները պետք է իմանան, որ իրենց թողարկումները կարող են յուրաքանչյուր պահին մեկնաբանվել իբրև նշված նորմերի խախտում: