Գլխավոր / Հայաստան / Հայկական բանակը կորցնում է իր որակները. ՀԱԿ-ի շնորհավորանքը

Հայկական բանակը կորցնում է իր որակները. ՀԱԿ-ի շնորհավորանքը

Հայաստանի անկախացման, պետականության կառուցման ու կայացման ամնակարեւոր դրվագներից մեկն է հայկական բանակի՝ անկախ պետականության առանցքային հիմնասյունի ստեղծումը, ասված է Հայ Ազգային Կոնգրեսի` Բանակի օրվա առթիվ տարածած հաղորդագրության մեջ:

Շնորհավորելով բոլոր հայ զինվորներին, երկրապահ կամավորներին, սպայական կազմին, գեներալներին, ինչպես նաև բանակի կայացման ու հաղթանակների գործում ավանդ ունեցող այն մարդկանց, ովքեր այսօր քաղբանտարկյալ են՝ իրենց սկզբունքներին անդավաճան մնալու բերմամբ, Կոնգրեսը միևնույն ժամանակ ցավով է արձանագրում այն փաստը, որ «իր կազմավորման առաջին տասնամյակում լավագույն ավանդույթներ որդեգրած պետական այս կառույցը հետզհետե կորցնում է իր որակները»։

«Դրա անհանգստացնող դրսևորումներն են ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով ողբերգական դեպքերը բանակում, որին զոհ են գնում զինծառայողները։ Դրա անհանդուրժելի օրինակն է իշխող ապօրինի վարչախմբի կողմից բանակը ներքաղաքական խնդիրների լուծման համար օգտագործելը (ինչի բարձրակետը 2008թ. Մարտի 1-ն էր), որ Սահմանադրության կոպտագույն խախտում և հանցագործություն լինելով՝ բարոյազրկում է բանակը։

Համոզված ենք, որ ինչպես ժամանակին համաժողովրդական ուշադրությունը դարձավ բանակի կայացման կարևոր պայմաններից մեկը, այնպես էլ այժմ նույնպիսի համաժողովրդական անհանդուրժողականությունը և զգոնությունը կօգնի բանակը վերադարձնելու իր նախկին որակներին ու օրինական գործառույթներին», — ասված է ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ: