Գլխավոր / Հայաստան / Ուսադիր կրելն ու հայրենիքին ծառայելն իսկական տղամարդու գործ է. Սերժ Սարգսյան

Ուսադիր կրելն ու հայրենիքին ծառայելն իսկական տղամարդու գործ է. Սերժ Սարգսյան

Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում զինծառայողներին և ազատամարտիկներին շնորհավորել և հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևները:

Նախագահը խորապես արդարացված է համարել հայկական բանակի նկատմամբ Հայաստանի ժողովրդի հավատն ու հարգանքը. «Ուսադիր կրելն ու Հայրենիքին ծառայելն իսկական տղամարդու գործ է, իսկ ուսադիր կրելն ու Հայրենիքին լա՛վ ծառայելը` շատ պատվաբեր»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: