Home / Հայաստան / «Հանուն Ղարաբաղի խաղաղության» ստորագրահավաք Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների շրջանում

«Հանուն Ղարաբաղի խաղաղության» ստորագրահավաք Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների շրջանում

Ֆրասնիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ 2011թ. հունվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում տեղի ունեցավ ֆրանսիացի պատգամավորների շրջանում կազմակերպված «Հանուն Ղարաբաղի խաղաղության» վերտառությամբ ստորագրահավաքի միջակա ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսը: Նախաձեռնության շարժառիթը Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում զինադադարի հաճախակի խախտումներն էին, իսկ անմիջական ազդակը` հունիսի 18-ին Մարտակերտից արևելք ընկած հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ ադրբեջանական բանակի նախահարձակ գործողությունը:

ՀՀ Դեսպանության, Փարիզում ԼՂՀ ներկայացուցչության, ֆրանսհայ համայնքային կառույցների և Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համագործակցության արդյունքում 2010-ի տարեկեսից ձեռնարկված ստորագրահավաքը, ըստ ֆրանսիացի պատգամավորների, տպավորիչ արդյունք գրանցեց: Ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ ներկա դրությամբ Հայտարարության տեքստի տակ դրված են ֆրանսիայի Ազգային Ժողովի 577 պատգամավորներից 145-ի ստորագրությունները` ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդից ավելին, և որ գործընթացը դեռևս շարունակվում է:

Ասուլիսին ելույթով հանդես եկան Ֆրանսիայի Աղգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, պատգամավորներ Ռընե Ռուքեն, Ժաք Ռըմիլիեն, Գի Տեսսիեն, նորերս պատգամավոր դարձած Մարի Էլեն Թորավալը, այլ պատգամավորներ:

Որոշվեց հայտարարության տեքստը և այն ստորագրած պատգամավորների ցուցակները ուղարկել Ֆրանսիայի ԱԳՆ` ի գիտություն, ինչպես նաև այն տարածել ֆրանսիական լրատվամիջովների շրջանում: