Home / Հայաստան / Թուրքիայում բողոքում են բանակային ծառայության դեմ

Թուրքիայում բողոքում են բանակային ծառայության դեմ

Թուրքիայում օր օրի ավելանում է բանակային ծառայությունը մերժողների թիվը, գրում է Ստամբուլում հայրերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» օրաթերթը:

Վերջին շրջանում ծառայությունը բացասող խմբերն ակտիվորեն բողոքի ակցիաներ են իրականացնում: Մասնավորապես, հունվարի 23-ին բանակային ծառայությունը մերժողների մոտ 300 հոգանոց խումբ երթով շարժվել է դեպի Ստամբուլում գտնվող զորամասերից մեկը, սակայն ճանապարհի կեսին ոստիկանները բողոքողներին թույլ չէին տվել առաջ ընթանալ, և մարդիկ հավաքվել էին Պետական ռադիոկայանի կենտրոնական շենքի մոտ:

Հավաքվածները կարդացել են բանակային ծառայության դեմ ուղղված իրենց հայտարարությունը և վանկարկել են. «Զինվորագրվելու համար պատճառ չունենք, մերժելու համար` շատ ունենք», «Մի զինվորագրվիր, մի սպանիր եղբորդ»:

Բողոքի ցույցին մասնակցել է նաև Թուրքիայի խորհրդարանի կին պատգամավոր Սեբահաթ Թունչելը, ով ազգությամբ քուրդ է և հանդիսանում է Դեմոկրատական հասարակություն կուսակցության փոխնախագահը:

«Ոչ թուրք, ոչ քուրդ երիտասարդների մահը մենք չենք ուզում: Թող զենքերը լռեն», – ասել է Թունչելը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակը պարբերաբար ռազմական գործողություններ է իրականացնում երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալների դեմ: Ռազմական բախումների արդյունքում պարբերաբար զոհեր և վիրավորներ են լինում: ՔԲԿ-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական խմբավորում: