Home / Հայաստան / Տոնավաճառների աշխատողներին սպառնում են զրկել տաղավարներից

Տոնավաճառների աշխատողներին սպառնում են զրկել տաղավարներից

«Երկուշաբթի առավոտ` ժամը 10:00-ին, ստեղ ավելի մեծ միտինգ ա լինելու»:

Epress.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել են Երևանի տոնավաճառներում աշխատողները, ովքեր այսօր ևս բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի առջև:

«Մենք կազմակերպելու ենք, բոլորին տեղեկացնելու ենք, էդ օրը շատ մարդ ա լինելու, էդ օրը բոլոր տոնավաճառները չեն աշխատում` ոչ մեկ վախենալու բան չի ունենա, կգան»,- ասել է առևտրականներից մեկը:

Հավաքվածների փոխանցմամբ` բոլոր այն պետական կառույցները, մասնավորապես, նախարարությունները, ում դիմել են տոնավաճառների աշխատակիցները ապրանքի ներմուծման հարկի կրկնակի բարձրացման հարցով, ասել են, որ իրենք տեղյակ չեն այդ մասին:

«Օրենքի փոփոխություն չի եղել»,- հայտարարել են գերատեսչություններում:

«Բայց ես էսօր հենց զանգել եմ թուրքական «Կառլեն տուր» կամպանիային, որը ամենամեծ կամպանիաներից մեկն ա, որ զբաղվում ա Թուրքիայից Հայաստան ապրանքի ներմուծմամբ, ինձ ասեցին, որ 8 դոլար ա, բայց հենց երեկ էդ Կառլենը տելեվիզրով ասեց, որ չկա տենց բան: Էդ անում են, որ մարդիկ դուրս չգան բողոքի, աչք կապոցի ա էլի, բայց հո սենց չի լինի»,- պատմում էին նրանք:

Առևտրականները պատմել են, որ բոլոր շուկաների տերերը հայտարարել են, որ եթե որևէ մեկը դուրս գա փողոց բողոքելու, իրեն տաղավարներից կզրկեն:

«Մալաթիայի և Ռոսիայի տերերը վախացնում են, ասում են թղթերդ կվերցնենք, կշպրտենք դուրս, չգնաք հանկարծ ցույցի: Ինչքան կարելի ա վախացնել մարդկանց, էս որ երկիրն ա, որ վախացնում են: Սա մենակ առևտրականների պրոբլեմը չի, մարդիկ էլ գալու են առևտուր անելու, ու տեսնեն, որ գինը բարձրացել ա, որովհետև մեր վրա կրկնակի ա նստում բերելը»,- ասել է մի կին:

«Հայաթափություն են անում էլի, սպիտակ եղեռն ա, նենց են անում, որ մարդիկ էլ եկամուտի աղբյուր չունենան, թողնեն գնան ստեղից, էս մարդիկ հազիվ հացի փող են աշխատում, էտ էլ չլինի, բա ոնց ապրենք, ուզում են աշխատենք, սաղ տանք իրանց` էդ օլիգարխներին, որ իրանք ոնց ուզեն ֆռֆռան: Վախենալու ինչ կա, խի են մարդիկ վախենում, վաղն էլ, եթե էսօր վախում են, գալու էն իրանց ձեռից իրանց տները խլեն»,- Epress.am-ի հետ զրույցում ասել են առևտրականները: