Home / Հայաստան / Հայկական բանակի տոնը Սերժ Սարգսյանը կրկնակի սուրբ է համարել

Հայկական բանակի տոնը Սերժ Սարգսյանը կրկնակի սուրբ է համարել

Հայկական կանոնավոր բանակի արժեքն ու նշանակությունը ակնհայտ է բոլորիս համար, հատկապես` մեր օրերում: Այս մասին հունվարի 28-ին նշվող Հայկական բանակի օրվա կապակցությամբ իր շնորհավորական խոսքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այսօր առիթ է հիշելու նրանց, ովքեր տևական խզումից հետո վերստեղծեցին Հայաստանի զինված ուժերը: Պատերազմական ու ճգնաժամային բարդագույն իրավիճակում մեր ժողովուրդը կատարեց պատմական ու անշրջելի քայլ`  հանուն այդ վեհ նպատակի լարելով իր ողջ ուժերը: Հայոց կազմավորվող բանակին ով ինչ կարող էր տվեց: Այսօր մեր ժողովրդի բոլոր հատվածները հպարտությամբ են արտասանում «Մեր անունն է հայկական բանակ» նախադասությունը: Այդ բանակն անցավ ծանր կորուստների ու փառավոր հաղթանակների ուղի, որ, մեծ հաշվով, մեր երկրի ու ազգի նորագույն պատմության ուղին է», – ասել է Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ մեր ներկա ազատությունն ու մեծ հաշվով խաղաղությունը մեզ ոչ ոք նվեր չի  տվել:

«Մենք դրանք նվաճել ենք արյան գնով, մենք դրանք նվաճել ենք դաժանագույն պատերազմում` ազգովի: Ոչ ոքի տրված չէ մեր փոխարեն որոշել մեր արյան գինը: Փորձություններից մենք դուրս ենք եկել պարզ ճակատով, և այդ ճակատը Հայոց բանակն է` բառի և՛ ուղղակի, և՛ փոխաբերական իմաստով», – ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը համեմատել է բանակը եկեղեցու հետ:  Նա նշել է, որ ինչպես մեր շատ եկեղեցիների հիմքում սրբերի մասունքներն են, այդպես էլ հայոց բանակի հիմքում մեր նահատակ ընկերների աճյուններն են. խնկելի անուններ, որոնցով այսօրվա տոնը կրկնակի է սրբանում:

«Սիրելի՛ զինվորներ և ենթասպաներ, սպաներ և գեներալներ,

Շնորհավորում եմ մասնավորապես ձեզ, որովհետև դուք եք մեր Զինված ուժերի դեմքը, որովհետև նույնիսկ 21-րդ դարում բանակն առաջին հերթին հզոր է մարդկային գործոնով: Լավ գիտեմ ձեր ամենօրյա, ես կասեի` 24-ժամյա աշխատանքի դժվարությունները: Թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային առաքելություններում դուք պատվով եք կատարում ձեր գործը: Իհարկե, մեր բանակի ներկա հնարավորությունները համեմատելի չեն Արցախյան ազատամարտի ժամանակների հնարավորությունների հետ: Այսօր մենք ունենք որակապես բոլորովին այլ մակարդակ, և ամենակարևորը` ռազմական աննահանջ ոգին ու կամքը, դուք պահել եք անաղարտ:

Այսօր անհնար է պատկերացնել մեր տարածաշրջանն առանց ձեզ` առանց հայկական բանակի, որ գրավականն է մեր խաղաղության, անվտանգության ու հավերժության», – ասել է ՀՀ նախագահը: