Home / Հայաստան / Հայաստանցիներն ու ղարաբաղցիները տարբեր կերպ են նայում կյանքին. հարցազրույց

Հայաստանցիներն ու ղարաբաղցիները տարբեր կերպ են նայում կյանքին. հարցազրույց

Բազմաթիվ բանակցություններ, հանդիպումներ, բայց ոչ մի արդյունք: Հենց այսպես կարելի է բնութագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը 2010 թվականին, հայտնում է BCC ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

ԵԱՀԿ Միսնկի Խմբի թռիչքներն այս տարի էլ ապարդյուն էին:

Թե ինչպիսին է իրականում կյանքը Լեռնային Ղարաբաղում, պատմում է Ղարաբաղում ծնված Կարինե Օհանյանը, ով մասնագիտությամբ լրագրող է: Հետագայում նա տեղափոխվել է Երևան, սակայն Ղարաբաղ հաճախ է այցելում:

– Ինձ համար կարևոր է ոչ թե որևէ կոնկրետ իրադարձություն: Այս տարի շփման գծում փոխհրաձգություններն ավելի հաճախակի բնույթ էին կրում: Անգամ խոսում էին պատերազմի մասին: Սակայն, չնայած զրույցներին, պատերազմ չեղավ: Դա Լեռնային Ղարաբաղի համար արդեն իսկ շատ կարևոր իրադարձություն է: Ինչ վերաբերում է խաղաղ բանակցություններին, ապա դրանք շարունակվում են: Ճիշտ է` կային զոհեր, բայց դա պատերազմ չէր:

Հարց. Ինչպե՞ս է այդ լարվածությունն ազդում Լեռնային Ղարաբաղում կյանքի վրա:

– Քանի որ Լեռնային Ղարաբաղը փոքր տարածք ունի, յուրաքանչյուր իրադարձության մասին լուրն այստեղ շատ ավելի արագ է տարածվում, քան մամուլում: Ընկերները, հարազատները զանգում են միմյանց, և այսպես լարվածությունը մեծանում է:

Պատերազմը դեռ ապրում է հիշողություններում: Եվ լարվածություն միշտ էլ կա: Այնպես որ, ինչով էլ մարդիկ զբաղվեն, ուղեղի մի մասում միշտ առկա է պատերազմի հավանականության մասին միտքը: Պատերազմի սպառնալիքը, կարծես, կախված է մարդկանց գլխին: Եվ դա, ցավոք, թույլ չի տալիս մարդկանց մտածել ապագայի մասին: Նրանք մտածում են միայն վաղվա օրվա մասին, անգամ ոչ դրանից մեկ օր ուշ:

Հարց. Եկենք վերադառնանք Ձեզ: Ո՞րն էր 2010 թվականի ամենանշանակալից իրադարձությունը Ձեզ համար:

-Այս տարի ես ամուսնացա և տեղափոխվեցի Երևան: Ամբողջ տարին անցկացրեցի` հարմարվելով երևանյան կյանքին: Զարմանալի է: Առաջ ինձ թվում էր, թե հայաստանցիներն ու ղարաբաղցիները քիչ են տարբերվում միմյանցից: Բայց ինչքան շատ եմ ապրում Հայաստանում, այնքան շատ եմ հասկանում, որ մենք շատ տարբեր ենք: Եվ դա ես հասկացել եմ մեկ տարվա ընթացքում:

Նաև նկատել եմ, որ Հայաստանում մարդիկ այդքան էլ լավ չեն տեղեկացված Ղարաբաղի մասին:  Ղարաբաղցիներն էլ շատ բան չգիտեն Հայաստանի մասին: Ինձ համար դա ինտեգրում էր:

Հարց. Հետաքրքիր է` ինչն է տարբերում հայաստանցիներին ղարաբաղցիներից:

– Ճշգրիտ հասկանալ շատ դժվար է: Այլ հոգեկերտվածք: Դա այդքան էլ փոքր տարբերություն չէ: Չգիտեմ: Հնարավոր է` Ղարաբաղի մարդկանց փոխել է պատերազմը: Նրանք ավելի մռայլ են դարձել: Դա նկատվում է նաև նրանց շփման մեջ:

Հայաստանում մարդիկ խոսում են մեղմ, բայց կարող են կոպիտ վարվել քեզ հետ: Իսկ Ղարաբաղում մարդիկ կարող են ավելի բաց խոսել և անգամ կոպիտ, սակայն իրականում որևէ կոպիտ բան չեն անի ուրիշի նկատմամբ:

Ես երբեք այդ մանրուքները չէի իմանա, եթե չապրեի Հայաստանում: Կա ևս մեկ տարբերություն` հայացք ապագայի հանդեպ: Հայաստանցիներն ու ղարաբաղցիները տարբեր կերպ են նայում ապագային:

Հարց. Ինչպես կարողացաք ընտելանալ նոր կյանքին:

– Ընտելացա, բայց շարունակում եմ մտածել, որ ապրել Ղարաբաղում ավելի հարմար է և հանգիստ: Օդը մաքուր է, ապրանքները շուկայում` նույնպես, թեև միշտ կա լարվածություն: Բայց միևնույն ժամանակ, կյանքի ընդհանուր ռիթմը Ղարաբաղում ավելի դրական է:

Լուսանկարը` http://www.bbc.co.uk