Home / Հայաստան / Դաշնակցական պատգամավորը մտադիր է կանգնել բողոքավորների կողքին

Դաշնակցական պատգամավորը մտադիր է կանգնել բողոքավորների կողքին

«Ընտրությունների ժամանակ գալիս են, դռները ծեծում են, ասում են` մեզ ընտրեք: Եթե ժողովուրդը իրոք ընտրել է իրեն, ես հարց եմ ուղղում` ո՞ւր ա ինքն այսօր, ինչո՞ւ այստեղ չի, մեր կողքին չի, ինչի՞ մեր խնդիրներով չի հետաքրքրվում», – Epress.am-ի հետ զրույցում իր մտահոգություններն է հայտնել Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը` նկատի ունենալով այդ տարածքից ընտրված պատգամավոր Արա Սիմոնյանին:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին` ժամը 12:00-ին, Երևանի Տերյան-Կողբացի 42 –Պուշկին 40 բակի բնակիչները կազմակերպել են հերթական բողոքի ակցիան ընդդեմ իրենց բակում բազմահարկ շենքի կառուցման:
Նրանք նշում են, որ շինարարությունը սպառնում է զավթել բակային հանգստի գոտին և վտանգել կից շենքերը սեյսմիկ և քաղաքաշինական տեսանկյունից:

«Դաշնակցություն» խմբակցության անդամ, պատգամավոր Լիլիթ Գասպարյանը, ով նույնպես գտնվում է ակցիայի վայրում, Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ իրեն դեռևս մի քանի օր առաջ դիմել են հարակից շենքերի բնակիչները: Ըստ Գասպարյանի` ինքը ծանոթացել է խնդրին և մտադիր է բողոք ներկայացնել քաղաքապետարան:

«Ես կօգտվեմ իմ լիազորություններից, քաղաքապետին կուղղեմ նամակ` հասկանալու համար, թե ինչ առաջնահերթությամբ է պայմանավորված շինարարության իրականացումը, արդյոք փորձաքննություն է անցել, չեն խախտվում արդյոք անվտանգության հակահրդեհային և ընդհանրապես ընդհանուր օգտագործման տարածքների և քաղաքաշինական նորմերը», – ասել է Գասպարյանը:

Նշենք նաև, որ այս անգամ տարածքում հայտնվել է պաստառ, որտեղ նշված է  կառուցապատող ընկերությունն ու պատկերված է ապագա շինությունը: Պաստառի վրա որպես կառուցապատող նշված է «Լոկալ դիվելոփերս»  ընկերությունը, որը պատկանում է մեծահարուստ Սամվել Մայրապետյանին: