Home / Հայաստան / Մուբարաքը պաշտոններ է բաժանում. ցուցարարները սպասում են նրա հրաժարականին

Մուբարաքը պաշտոններ է բաժանում. ցուցարարները սպասում են նրա հրաժարականին

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը նշանակել է նոր վարչապետի և փոխնախագահի: Մուբարաքի որոշմամբ՝ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի ավիացիայի նախկին ղեկավար Ահմադ Շաֆիքը, իսկ փոխնախագահի պաշտոնը՝ երկրի Հետախուզական ծառայության տնօրեն Օմար Սոլիմանը: Ուշագրավ է այն փաստը, որ Մուբարաքն իր 30 տարվա նախագահության օրոք առաջին անգամ է փոխնախագահ նշանակում:

Չնայած դրան, տասնյակ հազարավոր մարդիկ չեն հեռանում Եգիպտոսի խոշոր քաղաքների փողոցներից: «Նախագահի փոփոխություն, ոչ թե կառավարության փոփոխություն», – վանկարկում էին մարդիկ Կահիրեում, Ալեքսանդրիայում և Սուեցում:

Նոր նշանակումների, ինչպես նաև երկրում տիրող իրավիճակի մասին խոսելով՝ ընդդիմության առաջնորդ Մոհամեդ Էլ Բարադեյը, ով երեկ գտնվում էր տնային կալանքի տակ, հայտարարել է.

«Մեզ հարկավոր է ռեժիմի փոփոխություն: Նախագահ Մուբարաքը պետք է հրաժարական տա հենց այսօր: Մենք պետք է նոր ժողովրդավարական պետություն ստեղծենք ազատ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Մարդիկ չեն հեռանա փողոցներից մինչև նրանց պահանջները չկատարվեն: Մենք խոսում ենք փարավոնական բռնապետության տապալման մասին»:

Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, Կահիրեի փողոցներից անհետացել են ոստիկանական ուժերը: Տեղացիների խոսքով՝ նրանք այժմ հսկում են մեծահարուստների առանձնատները:

Սուեցում բանակը նույնպես մասամբ անցել է ցուցարարների կողմը: Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, բազմաթիվ դեպքերում զինվորականները սրճարաններում թեյ են խմում ցուցարարների հետ: Կառավարությունը գրեթե չի վերահսկում իրավիճակը նաև Ալեքսանդրիայում: