Home / Հայաստան / Եգիպտոսում հաշվում են զոհերի թիվը. ցույցերը շարունակվում են

Եգիպտոսում հաշվում են զոհերի թիվը. ցույցերը շարունակվում են

Հազարավոր եգիպտացիներ կրկին հավաքվել են Կահիրեի կենտրոնում այսօր առավոտյան` վերսկսելով զանգվածային բողոքի ակցիաները`ուղղված նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարության դեմ:

Նշենք, որ իրավապահ մարմինները շարունակում են կրակել ցուցարարների ուղղությամբ, հաղորդում է «Ալ-Ջազիրա» գործակալությունը:

Երեկ և այսօր վաղ առավոտյան Եգիպտոսում շարունակվող բողոքի ցույցերի արդյունքում առնվազն 50 մարդ է զոհվել:  Ավելի քան 1000 մարդ վիրավորվել է:

Ոստիկանության գնդակներից մարդիկ զոհվել են Սուեցում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և Պորտ Սաիդում: Կառավարական ուժերը քաղաքների փողոցներ նաև տանկեր են դուրս բերել, սակայն դա չի խանգարում մարդկանց շարունակել բողոքի ակցիաները` գրոհելով կառավարական շենքերը:

Նշենք, որ Կահիրեում այսօր առավոտվանից վերսկսել են աշխատանքը երկու բջջային օպերատորները, սակայն ինտերնետը դեռևս արգելափակված է: