Home / Հայաստան / Այժմ էլ՝ Սուդանում. ոստիկանությունը ծեծել է հեղափոխության կողմնակիցներին

Այժմ էլ՝ Սուդանում. ոստիկանությունը ծեծել է հեղափոխության կողմնակիցներին

Սուդանի մայրաքաղաք Խարտումում այսօր տեղի ունեցած հակակառավարական ցույցի ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Ոստիկանության կողմից ձերբակալվել են ուսանողներ, ովքեր մասնակցում էին ցույցին` պահանջելով կառավարության հրաժարականը:

Ոստիկանության ուժերը պաշարել են Խարտումի 4 համալսարանները: Դրանցից երեքում բախումներն առավել ուժեղ են եղել. ոստիկանությունն ուսանողների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել և ծեծի ենթարկել:

Ոստիկանները մահակներով հարվածում էին ցուցարարներին, հատկապես, երբ վերջիններս հակակառավարական կարգախոսներ էին վանկարկում՝ «Մենք պատրաստ ենք զոհվել Սուդանի համար», «Հեղափոխություն, հեղափոխություն մինչև հաղթանակ»:

Ըստ Reuters գործակալության` ձերբակալվածների թվում են նաև ընդդիմության առաջնորդ Մուբարաք ալ-Ֆադիլի երկու որդիները:

Նշենք, որ Սուդանի ցույցերը համընկան Հարավային Սուդանի անկախության վերաբերյալ հանրաքվեի արդյունքների հայտարարման օրվա հետ: Հարավային Սուդանի բնակչությունը քվեարկել է անկախության օգտին, մինչդեռ երկրի հյուսիսում չեն ողջունում նման քայլը: