Home / Հայաստան / ՀՀ դատախազությունում խոստացել են հետևել ամուսնու կողմից սպանված կնոջ գործի ընթացքին

ՀՀ դատախազությունում խոստացել են հետևել ամուսնու կողմից սպանված կնոջ գործի ընթացքին

Այսօր Երևանի Դատախազության շենքի առջև ակցիա էր իրականացնում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը հետամուտ է աշնանը Մասիս քաղաքում ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծի ենթարկված Զարուհի Պետրոսյանի մահվան դեպքի քննությանը և խթանում է գործի թափանցիկության ապահովումը:

Այսօրվա ակցիայի կազմակերպիչները կոչ էին անում պատկան մարմիններին հետևողական լինել գործի քննության ժամանակ:

«Նախաքննությունն արդեն ավարտված է, մենք կապի մեջ ենք փաստաբանի հետ, այս ամիս արդեն կսկվի հետաքննությունը: Կարծում եմ` նման հետևողականությունը նախադեպ կլինի մյուսների համար, որպեսզի հետ կանգնեն բռնություն կիրառելուց»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը:

Նշենք, որ ակցիայի մեկնարկից մի քանի րոպե առաջ դատախազության աշխատակիցները դուրս են եկել և ներս հրավիրել երկու ներկայացուցչի` Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանին և «Զանգակատուն» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Կարինե Գրիգորյանին: Մոտ կես ժամ անցկացնելով դատախազության շենքի ներսում` տնօրենները դուրս եկան: Epress.am-ի հետ զրույցում նրանք հայտնեցին, որ իրենց ուղղակի հրավիրել էին, որպեսզի իրենց մտահոգություններն իմանան:

«Մենք լրիվ ներկայացրինք մեր մտահոգությունները, և իրենք ասեցին, որ կհետևեն»,- մեզ հետ զրույցում ասել է Լարա Ահարոնյանը:

«Մեզ շատ ընկալումով ընդունեցին և ասացին, որ անպայման կհետևեն խնդրին: Մենք վստահում ենք իրենց»,- հավելել է Կարինե Գրիգորյանը: