Home / Հայաստան / Հայ ընդդիմադիր երիտասարդները կոչ են անում եգիպտացիներին չնահանջել

Հայ ընդդիմադիր երիտասարդները կոչ են անում եգիպտացիներին չնահանջել

Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները ողջունում և իրենց աջակցությունն են հայտնում Եգիպտոսի քաղաքացիների պայքարին ընդդեմ բռնապետության: Այս մասին ասված է ՀԱԿ երիտասարդական հանձնախմբի տարածած կոչ-հայտարարության մեջ:

«Ուշադրությամբ հետևում ենք հանուն ազատության, հայրենիքի և արդարության ձեր ընդվզմանը: Հիացած ենք ձեր դիմադրողական ոգով, համառությամբ և քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորումներով: Համոզված ենք ձեր պայքարի հաղթական ավարտի մեջ: Կարծում ենք՝ բռնակալությունը, որը ասելիք չունի իր ժողովդրին, պետք է հեռանա և իր տեղը զիջի հասարակության մեջ հասունացած նոր ուժերին: Հուսով ենք, որ հնարավոր կլինի խուսափել նորանոր զոհերից, քաոսից, և կապահովվի խաղաղ անցում դեպի նոր իրավիճակ:

Պայքարի երեք տարվա փորձ ունենալով ընդդեմ մեր հայրենիքում ծվարած նմանատիպ բռնակալության, առանց «թարգմանության» լիովին ընկալում և հասկանում ենք ձեր վրդովմունքը, վճռականությունը և ազատատենչությունը: Ցավոք, 2008-ի փետրվարին մեր երկրում տեղի ունեցած նմանատիպ ընդվզումը ճնշվեց արյան մեջ՝ զինված ուժերի և քրեական զինված բանդաների օգնությամբ, որոնք կրակ բացեցին հարյուր հազարավոր մարդկանցից բաղկացած, 10 օր տեւած շուրջօրյա խաղաղ ցույցի մասնակիցների ուղղությամբ: Չնայած մեր պայքարը չպսակվեց վերջնական հաղթանակով, և բազմաթիվ մարդիկ նետվեցին բանտերը հանուն իրենց իդեալների, «ժողովրդավարական» արևմուտքի և «ռազմավարական դաշնակից»՝ Ռուսաստանի լռելյայն համաձայնությամբ, սակայն պայքարը չմարեց և երեք տարի է դիմակայում ենք ոստիկանապետությանը:

Կոչ ենք անում աշխարհի բոլոր ազդեցիկ կառավարություններին, չթաքնվել երկիմաստ հորդորների թիկունքում, չկառչել իր դարն ապրած բռնապետության կեղծ կայանությունից, այլ ընդառաջ գնալ երիտասարդ և առաջադեմ պայքարին՝ ղեկավարվելով միմիայն համամարդկային ունիվերսալ արժեքներով, և ոչ թե գեոպոլիտիկ կեղծ իմաստությամբ: Համոզված ենք, որ նման վճռականության և իդեալիզմի դրսրևորման դեպքում կշահի ողջ աշխարհը: Հնարավոր չէ արհեստական պատնեշներով կանգնեցնել պատմական ժամանակի հոսքը: Եթե այսօր կառչենք դրանցից, և թեկուզ ժամանակավոր կանգնեցնենք առաջընթացը, ապա վաղը կստանանք ավելի մեծ և ավելի անկանխատեսելի պայթյուն:

Կրկին ողջունում ենք մեր եգիպտացի բարեկամներին՝ վստահ լինելով, որ նրանք երբեք չեն նահանջի և չեն հրաժարվի իրենց սկզբունքներից և իրենց պայքարից: Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ», – ասված է ՀԱԿ երիտասարդների կոչում: