Home / Հայաստան / ԱՄՆ-ն կոչ է անում դադարեցնել Եգիպտոսում խաղաղ ցուցարարների վրա հարձակումները

ԱՄՆ-ն կոչ է անում դադարեցնել Եգիպտոսում խաղաղ ցուցարարների վրա հարձակումները

«Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում և երկրի այլ քաղաքներում մի քանի օր շարունակվող խաղաղ ցույցերից հետո այսօր մենք ականատես ենք վայրենի հարձակումներ խաղաղ ցուցարարների և լրագրողների վրա»: Այս մասին րոպեներ առաջ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին՝ խոսելով Եգիպտոսի իրադարձությունների հանդեպ ԱՄՆ Պետդեպի դիրքորոշման մասին:

Նա նշել է, որ Միացյալ Նահանգերը դատապարտում են այս հարձակումները և կոչ անում Եգիպտոսի ցույցերում ներգրավված մարդկանց պահպանել ցույցերի խաղաղ ընթացքը:

«Այս հարձակումները ոչ միայն Եգիպտոսին են վտանգում, այլ նաև ուղիղ հարված են հասցնում եգիպտացի ժողովրդի ազատարար ոգեշնչմանը: Եգիպտոսի ժողովրդին վախեցնելու նպատակով ուժի կիրառումը պետք է դադարեցվի: Մենք անհապաղ պահանջում ենք զսպվածություն ցուցաբերել», – ասել է Քրոուլին:

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին աջակցող ուժերը հարձակվել են Թահրիր հրապարակում խաղաղ հակակառավարական ցույցի մասնակիցների վրա: Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ` արդեն 500-ից ավելի վիրավորներ կան, ինչպես նաև հաղորդվում է մեկ զոհվածի մասին: