Home / Հայաստան / ԵԽԽՎ-ի ԼՂ հարցով հանձնաժողովը իշխանությունների անհեռատեսության արդյունք է. ՀԱԿ

ԵԽԽՎ-ի ԼՂ հարցով հանձնաժողովը իշխանությունների անհեռատեսության արդյունք է. ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարությամբ է արձագանքել նախորդ շաբաթ ԵԽԽՎ բյուրոյի որոշմամբ վերսկսված Լեռնային Ղարաբաղի հարցով Հատուկ հանձնաժողովի աշխատանքներին։

Կոնգրեսն իր հայտարարության մեջ նշում է, որ 2005թ. այն կազմավորվել էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կոշտ դրույթներ պարունակող ԵԽԽՎ 1416 բանաձեւի հիման վրա, բայց, ըստ էության, չէր գործել։

«Դրա աշխատանքի վերսկսման որոշումը մեզ համար աննպաստ է գնահատվում նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ փորձելով պատասխանատվությունն իր վրայից գցել և մեղադրել Վեհաժողովին ընդհանրապես, և մասնավորապես դա բացատրելով վերջինիս նախագահ Չավուշօղլուի ազգային պատկանելությամբ։ Ընդ որում՝ հենց այս պատվիրակությունն էր, որ ժամանակին նպաստեց Չավուշօղլուի՝ ԵԽԽՎ-ի նախագահ ընտրվելուն», – ասված է հայտարարության մեջ։

Վերջինիս հեղինակները նշում են, որ իրականում Լեռնային Ղարաբաղի և արտաքին քաղաքական ցանկացած այլ խնդրում ձախողումների պատճառը իշխանության բնույթի և նրա օրակարգում եղած խնդիրների առաջնահերթությունների մեջ է։

«Այս իմաստով մեկ տասնամյակից ավելի ձգվող քոչարյանասերժական վարչախմբի առաջնահերթ խնդիրը բռնազավթած ոչ լեգիտիմ իշխանության լեգիտիմիզացիայի խնդիրն է արտաքին աշխարհում։ Այդ խնդիրը հատկապես սրվել էր վերջին նախագահական խայտառակ ընտրություններից հետո։ Ուստիեւ՝ վարչախումբը իր ողջ արտաքին քաղաքական ռեսուրսները, այդ թվում նաեւ խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը նպատակաուղղել է կեղծված ընտրությունների, Մարտի 1-ի ոճրագործության ու սպանդի պարտակման, քաղբանտարկյալներին օր ավելի անազատության մեջ պահելու նպատակին։ Այդ ռեսուրսները, վերջին հաշվով, սահմանափակ են, և մի խնդրի վրա ամբողջությամբ ծախսելուց հետո պետք է տուժեն մյուսները։ Ոչ բառացի իմաստով, բայց, ըստ էության, տեղի է ունենում յուրատեսակ սակարկություն. իր իշխանության ոչ լեգիտիմության ու գործած հանցանքների դիմաց վարչախումբը սակարկության առարկա է դարձնում ազգային շահերն ու խնդիրները։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա այդ հարցում բոլոր աննպաստ փաստաթղթերն ու որոշումները արդյունք են նույն այս վարչախմբի կողմից ժամանակին հակամարտության լուծման փիլիսոփայության արմատական փոփոխության. հարցի սառեցման անհեռատես ու արկածախնդրական քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի, որպես հակամարտության կողմի, միջազգայնորեն ճանաչված մանդատի ոչնչացման։ Այս կոնտեքստում սպասելի էր ինչպես ԵԽԽՎ 1416 բանաձեւը, 2005-ին դրա հիման վրա Հատուկ հանձնաժողով ստեղծելը, այնպես էլ այսօր Բյուրոյի որոշումը։ Հատկանշական է, որ Հատուկ  հանձնաժողովի վերստեղծման նպատակահարմարության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը անտեսեցին նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի անդամ պետությունների ներկայացուցիչները` կողմ քվեարկելով Հատուկ հանձնաժողովի ստեղծմանը», – ասված է հայտարարության մեջ: