Home / Հայաստան / Հայաստան-Ռուսաստան. ում են հարկավոր բամբասանքները

Հայաստան-Ռուսաստան. ում են հարկավոր բամբասանքները

Վերջին օրերին հայկական մամուլում շրջանառվող այն լուրը, որ Ռուսաստանը Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան խաղից առաջ հայկական կողմին կարող է տնտեսական առաջարկ անել, Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանել են մարզական ոլորտի փորձագետները:

«Հայկական ժամանակ» օրաթերթի մարզական վերլուծաբան Արմեն Նիկողոսյանը կարծիք է հայտնել, որ այս պատմության մեջ շատ կարևոր է առաջին ռեակցիան` արձագանքը:

«Ինչպես գիտեք, այն ստացվեց Ռուսաստանից ու այդ կարծիքը հնչեցրեց Ռուսաստանի Ֆուտբոլային Միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը: Զարմանալի էր ուղղակի, թե ինչպես այդքան շուտ այդ լուրը հասավ Սիմոնյանին ու ինչու վերջինս այդքան հապճեպ արձագանքեց: Էլ չեմ խոսում այն մասին, որ երբևէ կաշառատուն չի արձագանքում նման լուրերին, այլ կաշառակերն է փորձում արդարանալ: Կարծում եմ, որ սա Ռուսաստանի կողմից մշակված սադրանք է, ընդ որում` ինչպես միշտ` ռուսները Հայաստանի հետ պայքարում են հայերի միջոցով», – ասել է Նիկողոսյանը:

«Ռեգնում» գործակալության մարզական վերլուծաբան Արամ Արոյանի կարծիքով` խաղը հանձնելու մասին սկսեցին խոսել ոչ այսօր, ոչ էլ երեկ, այլ Եվրո-2012-ի ընտրական փուլի վիճակահանությունից անմիջապես հետո: Ֆուտբոլային շրջանակներում, և ոչ միայն, հանդիպման շուրջ պայմանավորվելու մասին վաղուց են խոսում: Դրա պատճառը Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված հարաբերություններն են:

«Ես այդ տեղեկատվությունը լուրջ չէի ընդունի այն առումով, որ այդ լուրը հրապարակած թերթը որևէ գաղտնիք չի բացահայտել:

Անձամբ ես կարծում եմ, թե Երևանում պայմանավորված խաղ չի լինելու: Թեև, դեմ չէի լինի, որ Հայաստանի հավաքականը կանխատեսելի հաղթանակ տանի Երևանում և ոչ պակաս կանխատեսելի պարտություն կրի Մոսկվայում: Հաշվի առնելով այսօրվա մրցաշարային իրավիճակը` նման հեռանկարը ձեռնտու կլիներ երկու հավաքականներին էլ», – ասել է Արամ Արոյանը:

Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Մելիքբեկյանի կարծիքով` այս պահին լուրջ չէ խոսել խաղը «տալ-չտալու» մասին:

«Նման բամբասանքները գալիս են Ռուսաստանից, այդ մասին խոսում են ռուսաստանցի մասնագետները, ինչպես նաև քննարկումներ են ընթանում տարատեսակ մարզական կայքերի ֆորումներում: Մասնավորապես, դեռևս անցյալ տարի այդ մասին խոսել էր ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբաններից մեկը` նշելով, որ Ռուսաստանը կհաղթի Հայաստանին ավանդույթի համաձայն, հավանաբար, նկատի ունենալով 1999 թվականին կայացած Ռուսաստան-Հայաստան խաղից հետո տարածված խոսակցությունները, որոնց համաձայն Հայաստանն այդ խաղը «հանձնել էր»: Սակայն մեկնաբանի նման խոսքերը, իմ կարծիքով, պարզապես միտում ունեն հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա: Գալիք Հայաստան-Ռուսաստան խաղը չի կարելի համեմատել երկու թիմերի` 1999 թվականի հակամարտության հետ: Այսօր մեր տղաներն իրականում հնարավորություններ ունեն հաջորդ փուլ դուրս գալու, մենք իրականում պատրաստ ենք հաղթել մրցակցին և յուրաքանչյուր աղմուկ խաղի շուրջ միմիայն կխանգարի մեր թիմին: Սա ավելորդ ճնշում է, որն անտեղի է, իսկ բոլոր տեսակի վերլուծությունները կարելի է թողնել խաղից հետո, բացի դա, կցանկանայի ավելի շատ լսել մասնագետների կարծիքը, և ոչ թե կարդալ «տաք» լուրեր, որոնք գրվում են պարզապես գրվելու համար, և որոնց հիմքում կոնկրետ փաստեր չեն ընկած», – ասել է Արմեն Մելիքբեկյանը: