Home / Հայաստան / ՀԱԿ-ին ավանդաբար արգելեցին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում

ՀԱԿ-ին ավանդաբար արգելեցին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում

Երևանի Քաղաքապետարանը մերժել է Հայ Ազգային Կոնգրեսի հայտը` սույն թվականի փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:
ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը հունվարի 31-ին Երևանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկումներ 2011թ. փետրվարի 11-ին և 18-ին ժամը 16.00-ից 22.00-ը Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում /հանրահավաք/ և Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ.Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը, քաղաքապետի լիազոր ներկայացուցչի այսօրվա որոշումներով արգելվել է Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. «Նշված և դրանց հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.12.2010թ. և  27.01.2011թ.  որոշումներով ընդունվել են ի գիտություն»։

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի նույն որոշմամբ առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի  հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը և ժամին, իսկ երթի վերաբերյալ իրազեկումն ընդունվել է ի գիտություն։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ հունվարի 27-ին կայացված երկու որոշման համաձայն, Ազատության հրապարակում տեղի են ունենալու միջոցառումներ մեկ ամսվա ընթացքում:

Epress.am-ի հետ զրույցում ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանն ասել է, որ եթե միջոցառումները տևելու են մեկ ամիս, ապա յուրաքանչյուր օրվա համար առանձին դիմում պետք է ներկայացվեր:

«Այսինքն` օրինակ փետրվարի 18-ի միջոցառումն իրականացնելու համար փետք է լիներ հունվարի 31-ին կայացված համապատասխան իրազեկման որոշում քաղաքապետարանի կողմից, սակայն չկա նման բան»,- մեկնաբանել է Տիգրան Առաքելյանը:

Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը մի քանի տասնյակ անգամ տարբեր պատրվակներով մերժել է Հայ Ազգային Կոնգրեսի` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին հայտը: