Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը շնորհակալ է Հիլարի Քլինթոնից հստակ դիրքորոշման համար

Սերժ Սարգսյանը շնորհակալ է Հիլարի Քլինթոնից հստակ դիրքորոշման համար

Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Սերժ Սարգսյանը կարևորել է Միացյալ Նահանգների ակտիվ դերակատարությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն և անվտանգության պահպանման գործում: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին` ԵԱՀԿ Աստանայի համաժողովում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ցուցաբերած հստակ և հավասարակշռված դիրքորոշման համար:

Հիլարի Քլինթոնը նշել է, որ ուրախությամբ է հիշում իր հայաստանյան այցը և շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` պետքարտուղարը շեշտել է Միացյալ Նահանգների հաստատակամությունը` աջակցելու երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու գործընթացը շարունակելու հարցում:

ՀՀ նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված մի շարք խնդիրներ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հարցերի: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: