Home / Հայաստան / «Աչքաչափով գին են որոշում». Գյումրեցի վարորդները շարունակելու են բողոքի ակցիաները

«Աչքաչափով գին են որոշում». Գյումրեցի վարորդները շարունակելու են բողոքի ակցիաները

Գյումրեցի վարորդների բողոքի ակցիան ավարտվեց Շիրակի մարզային ոստիկանության շենքի առջև:

Մոտ մեկ ժամ առաջ ոստիկանությունից դուրս եկան այնտեղ հրավիրված չորս վարորդները, ովքեր պետք է զանգահարեին Երևանի պատկան մարմիններին և իրենց բողոքը ներկայացնեին: Հիշեցնենք, որ Շաբաթ օրվանից Գյումրիի վարորդները բողոքում են Վրաստանից ներկրվող մեքենաների մաքսազերծման գնի ավելացման դեմ:

Այսօր, ի նշան բողոքի, նրանք փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը, ինչը հանգեցրել էր խցանումների, ապա հավաքվել էին Գյումրիի կենտրոնական հրապարակում:

Վարորդների ներկայացուցիչները պատմել են, որ իրենք ոստիկանությունից զանգել են Երևան (կոնկրետ հասցեատիրոջը նրանք չնշեցին) և ներկայացրել են իրենց պահանջները: Ոստիկանության բաժնում իրենց խորհուրդ են տվել գնալ Բավրայի մաքսակետ և դիմում-բողոք ներկայացնել, որը կփոխանցվի Երևան:

Վարորդները նշել են, որ եթե իրենց խնդրին լուծում չտրվի վարորդները փետրվարի 9-ին, ժամը 10:00-ին կրկին հավաքվելու են իրենց բողոքը ներկայացնելու համար:

Թե այս անգամ որտեղ կանցկացնեն բողոքի ակցիան դեռևս հայտնի չէ:

Բողոքող վարորդները ոստիկանության շենքի մոտից մեքենաներով ուղևորվել են դեպի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ` դիմում-բողոքն այնտեղ գրելու համար:

Epress.am-ի հետ զրույցում վարորդները պատմել են, որ մեքենայի մաքսազերծման նոր գները կախված են մեքենայի վիճակից և շարժիչի հզորությունից, ինչպես նաև մաքսայինի աշխատակցի ցանկությունից:

«Օրինակ, 4000 դոլարանոց Opel-ի համար 3300 դոլար մաքս են ուզում, մեկն էլ 10000 դոլարանոց ջիփ էր բերում 9000 դոլարի մաքս էին պահանջել: Մեկն իր կաբինետի լուսամուտից նայում է, չափը որոշում է ու իր ցանկությամբ էլ գին է պահանջում: Մի խոսքով` կամայականություններ են անում», – ասել է վարորդներից մեկը` Սեյրանը:

Ի դեպ, վերջինս նաև նշել է, որ իրենք զանգահարել են Վրաստան և իմացել են, որ այնտեղ մաքսատուրքը սահմանվում է շարժիչի աշխատանքային ծավալին համապատասխան: