Home / Հայաստան / «Ասպարեզ» ակումբը շարունակում է ներկայացնել խախտումները Հ1-ի եթերում

«Ասպարեզ» ակումբը շարունակում է ներկայացնել խախտումները Հ1-ի եթերում

Այսօր Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նամակ է ուղարկել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, որում ներկայացրել այն խախտումները, որոնք ի հայտ են եկել Հանրային հեռուստատեսության հունվարի 14-իեթերի դիտարկման ընթացքում:

«Առավոտյան ժամը 07:51:14-ից մինչև 25:47:10-ը (հունվարի 15-ին ժամը 01:47:10) 18 ժամ 01 րոպե 56 վայրկյան ընդհանուր հաղորդումների մեջ գովազդը կազմել է 01 ժամ 39 րոպե 29 վայրկյան, ինչը կազմում է այդ ալիքով այդ օրը եթեր հեռարձակած հաղորդումների ընդհանուր ծավալի 9,19 տոկոսը: Օրվա հաղորդումների ընդհանուր հաշվարկով խախտվել է ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով սահմանված` գովազդային ծավալի առավելագույն 7 տոկոսը չափը», – ասված է նամակի մեջ:

Լևոն Բարսեղյանը նշում է, որ տասն անգամ առևտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 04 րոպե 12 վայրկյանը (ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով սահմանված առավելագույն 7 տոկոսը): Նամակում ներկայացված են նաև «Գովազդի մասին» օրենքի խախտման ևս մի քանի դեպքեր:

Նամակին կից Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը Գրիգոր Ամալյանին է ուղարկել Հ1 հեռուստաալիքի 2010 թվի հունվարի 14-ի բոլոր հաղորդումների վերծանման աղյուսակը և խնդրել է քննության առնել նամակում առկա փաստերը ու համապատասխան միջոցներ ձեռք առնել տեղի ունեցած օրինազանցությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ ամսվա ընթացքում Լևոն Բարսեղյանը ևս երկու նմանատիպ նամակներ էր ուղարկել՝ կապված դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի եթերի դիտարկման հետ: