Home / Հայաստան / Եգիպտոսում ցուցարարները կես-հեղափոխություն չեն ցանկանում

Եգիպտոսում ցուցարարները կես-հեղափոխություն չեն ցանկանում

Եգիպտոսի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը չեն բավարարում հարյուր հազարավոր մարդկանց, որոնք ամեն օր շարունակում են հավաքվել երկրի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում:

Նշենք, որ այսօր Եգիպտոսի կառավարությունը որոշում է կայացրել 15 տոկոսով բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձները, սակայն այդ որոշումը ոչինչ չի փոխել ցուցարարների տրամադրություններում:

Խոսելով Ալ Ջազիրա հեռուստաընկերության եթերում` մի քանի ցուցարարներ նշել են, որ իրենք շարունակելու են պահանջել Հոսնի Մուբարաքի հրաժարականը նախագահի պաշտոնից:

«Աշխատավարձի բարձրացումը ոչինչ չի նշանակում: Դա ընդամենը ասպիրինի կոճակ է, բայց ոչ մի իմաստ դրանում չկա», – հարցազրույցում նշել է Շերիֆ Զեյնը, ով մշտապես մասնակցում է Թահրիր հրապարակի ցույցերին:

«Կես-հեղափոխություն չի լինում», – լրագրողների հետ զրույցում նշել է մեկ այլ ակտիվիստ:

Նշենք նաև, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները AP գործակալության հետ զրույցում նշել են, որ եգիպտական ցույցերի 15 օրերի ընթացքում մահացել է առնվազն 297 մարդ: Այս տվյալները նրանք ստացել են` այցելելով Եգիպտոսի երեք խոշոր քաղաքաների յոթ հիվանդանոցներ: Իրավապաշտպանների կարծիքով` այս թիվը վերջնական չէ, իրականում զոհերի թիվն ավելի մեծ է եղել: