Home / Հայաստան / Էջմիածինը պատրաստվում է քննել գիշերային ակումբներ այցելող քահանայի հարցը

Էջմիածինը պատրաստվում է քննել գիշերային ակումբներ այցելող քահանայի հարցը

Բուլղարիայի Վառնա քաղաքի հայ համայնքի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրել է զրույցի, սակայն տեր Սարգիսը դեռ չի ներկայացել, քանի որ ապաքինման մեջ է գտնվում:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամը:

Տեր Վահրամը նշել է նաև, որ իրենք Բուլղարիայի թեմական խորհրդի կողմից 2010 թվականի նոյեմբերին գրություն են ստացել միջադեպի առնչությամբ:

«Մենք հետևողականություն կցուցաբերենք և զրույցից և գործը քննելուց հետո կկարողանանք որոշում կայացնել»,- ասել է տեր Վահրամը:

Հիշեցնենք, որ դեռևս 2010 թվականի օգոստոսի սկզբին բուլղարական մի շարք թերթեր և կայքեր, մասնավորապես, 24часа.bg-ն, գրել էին սկանդալային պատմության մասին, որի գլխավոր «հերոսն» էր դարձել տեր Սարգիսը:

Վերջինս հուլիսի 31-ի գիշերը հարձակման էր ենթարկվել  հայտնի Զլատի պյասցի հանգստավայրի «Արոգանս» գիշերային ակումբում: Զուգարան գնալու ճանապարհին տեր Սարգսի վրա մի քանի մարդ էր հարձակվել և հարվածներ հասցրել նրա գլխին: Վնասվել էր քահանայի աջ աչքը: Տեղի հիվանդանոցներից մեկում նրան շտապ վիրահատել էին, երկար ժամանակ վտանգ կար, որ եկեղեցականը կարող էր կույր մնալ:

Epress.am-ի հետ զրույցում Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչները դժգոհություն էին հայտնել այն կապակցությամբ, որ տեր Սարգիսը շարունակում է պահպանել իր դիրքը Վառնայի եկեղեցում: