Home / Հայաստան / Իշխանությունը թալանի համակարգ է կիրառում ավտոմեքենաների տերերի դեմ. ՀԱԿ

Իշխանությունը թալանի համակարգ է կիրառում ավտոմեքենաների տերերի դեմ. ՀԱԿ

Իշխանության ապօրինությունների դեմ բողոքի նոր ալիք է սկսել այն մեքենաների տերերը, որոնք մաքսազերծված են Վրաստանում և Հայաստանում շահագործվում են ժամանակավոր ռեժիմով, ասված այսօր Հայ Ազգային Կոնգրեսի կողմից տարածած հայտարարության մեջ:

«Իշխանությունը փորձում է ներկայացնել, որ ինքն, իբր, պայքարում է մաքսավճարից խուսափելու երևույթի հետ։ Իրականությունը բոլորովին այլ է, խնդիրը մաքսային ոլորտում մասամբ օրենսդրական, իսկ հիմնականում կոռուպցիոն վարչարարական մեխանիզմների հետ է կապված։ Մաքսային ոլորտը կարգավորող օրենքը ավտոմեքենաների ներմուծման հարցում աշխարհում նախադեպը և օրինակը չունեցող խտրական մոտեցումներ ունի ՀՀ քաղաքացիների նկատմամբ. այն ինչ թույլատրվում է օտարերկրացուն՝ սահմանափակված կամ արգելված է ՀՀ քաղաքացուն։ Օրենքի կիրառման գոյություն ունեցող արատավոր պրակտիկան, որ այլ բան չէ, քան մշակված կեղեքիչ մի ռեժիմ, բերել է նրան, որ Հայաստանում ավտոմեքենաները շատ ավելի, կարելի է ասել՝ անբնական, թանկ են, քան հարևան Վրաստանում։ Առաջին պատճառը բարձր մաքսատուրքն է, ինչն արդարացված կլիներ միայն որպես սեփական արտադրողին պաշտպանող միջոց, սակայն Հայաստանը ավտոմեքենաներ չի արտադրում։ Իբր սա քիչ էր, մեքենաների տերերի վրա բարդվել են նաև հետևյալ ծախսերը։ Հայաստանում շարունակվում է ավտոմեքենաների տեխզննման պրակտիկան, ինչը գործնականում ոչ մի իմաստ չունի, սակայն ունի մշակված կոռուպցիոն մեխանիզմներ։ Արդեն աշխատում է ավտոմեքենաների համար սեփականության վկայական ունենալու պարտադրանքն՝ իր սեփական կոռուպցիոն լծակներով։ Հայաստանում ներդրվեց ԱՊՊԱ-ն, որը մեր պայմաններում շատ հեռու էր առաջնահերթ խնդիր լինելուց և իր կոշտ ու անկատար դրույթներով դարձավ կողոպուտի մի նոր աղբյուր։ Վրաստանում այս ամենը գոյություն չունի, և այդ պատճառով է, որ մարդիկ դիմում են մեքենաները այնտեղ մաքսազերծելու և վրացական համարանիշերով շահագործելու քայլերին», – նշում են հայտարարության հեղինակները։

Նրանք ընդգծում են, որ այս ամենը վկայում է, որ «վարչախումբն ընդամենը ստեղծել ու կատարելագործում է թալանի ու կողոպուտի այն համակարգը, որ ուղղված է ավտոմեքենաների տերերի դեմ, որոնք հիմնականում միջին խավն են ներկայացնում»։

«Հայ Ազգային Կոնգրեսը իր աջակցությունն է հայտնում այս նոր կողոպուտի դեմ ըմբոստացած, իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին։ Մենք դատապարտում ենք Գյումրիում այդ առիթով կազմակերպված բողոքի ակցիայի դեմ ոստիկանական բռնարարքները և ահաբեկումները, պահանջում դրանք անմիջապես դադարեցնել։ Ինչպես տասնյակ այսօրինակ այլ, այնպես էլ տվյալ հարցի լուծումը պետք է փնտրել ոչ թե մասնավոր օրենսդրական փոփոխությունների, այլ սոցիալ-տնտեսական ողջ համակարգի վերափոխման, կոռուպցիոն ցանցից ազատվելու քաղաքական խնդրի մեջ»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։