Home / Հայաստան / Ղարաբաղում ստատուս-քվոն բխում է Ռուսաստանի և Թուրքիայի շահերից

Ղարաբաղում ստատուս-քվոն բխում է Ռուսաստանի և Թուրքիայի շահերից

2010 թվականի գարնանը` հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործընթացի սառեցումից հետո, Լեռնային Ղարաբաղի սահմանին  անվտանգությունը առավել խոցելի է դարձել, Today’s Zaman կայքում հրապարակած իր հոդվածում գրում է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

«2010 թավականի ընթացքում առնվազն 25 մարդ զոհվել է հայկական և ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակած կրակոցների հետևանքով: Երկու երկրների միջև սպառազինության մրցավազքը, հռետորական պայքարը և խաղաղության վերացման մասին խոսակցությունները մեծացնում են պատերազմի վերսկսման հավանականությունը: 2011 թվականին հակամարտության գոտում արդեն 3 ժամկետային զինծառայող է զոհվել:

Միջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group) «Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը» փետրվարի 8-ի իր զեկույցում գրում է, որ կողմերն անհապաղ փաստաթուղթ պետք է ստորագրեն հակամարտությունը խաղաղ կերպով կարգավորելու վերաբերյալ և լծվեն համաձայնության մթնոլորտի հաստատմանը` լարվածությունը թուլացնելու և պատերազմական գործողությունների վերսկսումը կասեցնելու նպատակով: Այս հարցում Թուրքիան մեծ դերակատարություն ունի:

Ադրբեջանում շատերը հավատում են, որ միայն գրոհելով կարող են վերադարձնել  տարածքները, բայց դեպքերի նման զարգացման պարագայում նրանք անմիջապես դեմ կառնեն զառիվայր ու դժվարանցանելի  բարձունքներին: Բարձրադիր տարածքները վերահսկող հայկական կողմը լուրջ հակագրոհի կանցնի:

Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը, որն այդքան հավանական էր թվում 2009 թվականին, ձախողվեց` սահմանափակելով նախագահներ Սարգսյանի և Ալիևի մանյովրելու հնարավորությունները: Թուրքիան ապացուցեց Ադրբեջանի հետ իր բարեկամությունը, և շատ ադրբեջանցի վերլուծաբաններ վստահ են, որ Անկարան ստիպված կլինի ռազմական գործողություններ ծավալել ի շահ Ադրբեջանի այն դեպքում, եթե Ադրբեջանի պետականությանը վտանգ սպառնա: Իհարկե, եթե պատերազմ սկսվեր, թուրքական իշխանությունների վրա որոշակի հասարակական ճնշում կլիներ, կհնչեին ադրբեջանցի ազգակիցներին օգնություն ցուցաբերելու կոչեր:

Միևնույն ժամանակ, Հայաստանը վստահում է Ռուսաստանին` օգնության ակնկալիքով: Սակայն Հայաստանի և Ադրբեջանի ռազամավարությունը կարող է Թուրքիային ու Ռուսաստանին ծանր կացության մեջ դնել: 2002 թվականից ի վեր բարելավվող ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության ստեղծումը հակասում է Մոսկվայի և Անկարայի շահերին: Ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան չեն ցանկանում փչացնել զարգացող շահութաբեր տնտեսական և ռազմական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի պատճառով: Ստատուս քվոյի պահպանումը երկու կողմերի շահերից է բխում: